Հայաստանի ու Վրաստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հրատապ խնդիրները
ПолитикаԱշխատանքային այցելությամբ նոյեմբերի 26-ին Թբիլիսի ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու հրավերն ընդունելու և Թբիլիսի այցելելու համար:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի` Թբիլիսի կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, կարևորվել են բարձրաստիճան փոխայցելությունները, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը։
Նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հրատապ խնդիրների։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։