Զինված խումբը ֆինանսավորվել է Հայաստանում, որոնք տասնյակ հազարավոր դոլարներ են կազմել
ОбществоԱյսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը տեղեկացրեց, որ Նորք-Մարաշում զինված խմբին հայտնաբերելուց ու վնասազերծելուց մինչ օրս ԱԱԾ-ն ծանրաբեռնված աշխատանքներ է իրականացնում գործի քննության մանրամասները պարզելու համար, սակայն, ելնելով նախաքննական տվյալների գաղտնիությունը պահելու պարտավորությունից, գործի վերաբերյալ բոլոր մանրամասները չի կարող հայտնել: Փարատելու համար հասարակության այն տեսակետը, թե զինված խմբի վնասազերծումը շոու էր և կուսակցական պատվեր, նա նշեց, որ ԱԱԾ-ն ապաքաղաքականացված, կուսակցությունների ազդեցություններից զերծ մարմին է և իր գործունեությունը ծավալում է ՀՀ Սահմանադրության, ԱԱԾ օրենքի, միջգերատեսչական նորմատիվ ակտերի ու սահմանված կանոնների համաձայն:
«Զինված խումբն ունեցել է կոնկրետ նպատակներ, խմբում դերաբաշխում է եղել և ունեցել է տասնյակ հազարավոր դոլարների ֆինանսավորում, որոնք տրվել են ՀՀ տարածքում, սակայն ծագման աղբյուրները պետք է պարզենք»,- ասաց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը:
Մ. Համբարձումյանը նշեց նաև, որ խմբի անդամներն իրենց գործունեությունը քողարկելու համար կատարել են անհրաժեշտ միջոցառումներ, ունեցել են գաղտնի հեռախոսներ, սակայն այդ ամենը ԱԱԾ աշխատակիցների աչքից չի վրիպել, որից հետո խումբը վերցվել է հսկողության տակ և արդեն ձեռնարկած միջոցառումների շնորհիվ այն վնասազերծել է: «Ինձ համար զարմանալի ու զավեշտալի է այն հայտարարությունները, թե իբրև տեղի է ունեցել բեմականացում, կամ ուզում են սա կապել ինչ-ինչ քաղաքական պրոցեսների հետ: Հավատացնում եմ, այն, ինչ տեսաք էկրաններով, և լսեցիք հաղորդագրություններով, դրանք ամբողջությամբ իրական են և համապատասխանում են եղելությանը»,- ասաց նա և նշեց, որ իրենց գործողությունները կապված չեն քաղաքական գործընթացների հետ:
Միքայել Համբարձումյանը նաև հայտնեց, որ այս պահին 21 հոգի ձերբակալված է: Խումբն ունեցել է հստակ ծրագրված նպատակներ ու դրանք իրականացնելու մշակված եղանակներ: Բացի այդ՝ ընտրված են եղել հանցագործության թիրախները, որոնք ուղղված են եղել քաղաքացիների, քաղաքական հասարակական գործիչների դեմ, ինչպես նաև նպատակ են ունեցել մի շարք սպանություններ իրականացնել:
Ա.Գրիգորյան