Սերգո Կարապետյանը «Սպայկա» ՍՊԸ-ի տնօրենի հետ քննարկել է դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացման հարցը
ЭкономикаՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նոյեմբերի 27-ին ընդունել է «Սպայկա» ՍՊԸ տնօրեն Դավիթ Ղազարյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման նպատակն է եղել քննարկել դեպի Ռուսաստան տեղական գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հնարավորությունը: «Ինչպես տեղյակ եք, թուրքական գյուղմթերքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն սահմանափակվել է: Դա լայն հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար ավելացնելու դեպի ռուսաստանյան շուկա արտահանման ծավալները: Նախատոնական առևտրի հետ կապված ևս ավելանում է արտադրանքի պահանջարկը և անհրաժեշտ է մշակել կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր արտադրության և արտահանման ծավալներն ավելացնելու համար», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Միաժամանակ նախարարը հավելել է, որ կա հնարավորություն կտրուկ ավելացնել արտահանման ծավալները` նշելով որ հայկական գյուղմթերքը թեև որակական բարձր հատկանիշներ ուներ, սակայն գնի առումով մրցունակ չէր թուրքականի համեմատ: Գյուղմթերքի թվում, որոնց արտահանման ծավալները կարելի է ավելացնել, նախարարը, մասնավորապես, նշել է թարմ պտուղ-բանջարեղենը և մսամթերքը: Բացի այդ, նախարարը նաև կարևորել է դեպի ՌԴ արտահանվող գյուղմթերքի տեսականին:
Ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն իր հերթին նշել է, որ Թուրքիայից դեպի Ռուսաստան արտահանվում էին հիմնականում ջերմոցային ապրանքներ: Այս ենթատեսքստում նա նշել է, որ հայրենի արտադրողները նույնպես կարող են ավելացնել հատկապես ջերմոցային պայմաններում արտադրված գյուղմթերքի ծավալները:
Նախարար Կարապետյանը նշել է նաև, որ անհրաժեշտ է ավելացնել տրանսպորտային միջոցների քանակը` հաշվի առնելով արտահանման ծավալների ավելացումը:
Հանդիպման ավարտին նախարարը հանձնարարել է տեղակալ Ռոբերտ Մակարյանին հարցի կարգավորումը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում և խնդիրների առաջացման դեպքում անմիջապես զեկուցել իրեն, առաջիկա երկուշաբթի կամզակերպել հանդիպում նաև հանրապետությունում գործող մյուս արտահանող ընկերությունների հետ: