Զինված խմբավորման անդամներից Լիլիթը Գյումրիում ռադիոհաղորդավարուհի էր
ОбществоNews.am-ը գրում է.
Ազգային անվտանգության ծառայության կողմից նոյեմբերի 25-ին վնասազերծված, ծանր հանցագործություններ նախապատրաստելու մեջ կասկածվողներից 30-ամյա Լիլիթ Թորոսյանը Շիրակի Արեւիկ գյուղի բնակիչ է, աշխատել է Գյումրիի «Մարիամ» ռադիոկայանում որպես հաղորդավարուհի: NEWS.am-ի հետ զրույցում Արեւիկի գյուղապետ Գարեգին Ստեփանյանը նշեց, Լիլիթը աշխատասեր ու խելացի աղջիկ է եղել եւ արեւիկցիները շոկի մեջ են նրան ձերբակալելու լուրից:
«Գրագետ ընտանիքի աղջիկ էր: Առավոտյան 9-ին գնում էր, 18:00-ին գալիս էր: Շշմել ենք սաղ գյուղով, զարմացած ենք: Չեմ կարող նկարագրել, թե ինչքան լավ աղջիկ էր: Ապշելու, շշմելու բան է, չեմ հավատում մինչեւ հիմա: Լիլիթը ընդդիմադիր հայացքներ չուներ իմ իմանալով»,-ասաց Գարեգին Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: Կասկածյալների ընդհանուր թիվը 19–ն է, երեկվանից մայրաքաղաքում, Շիրակում եւ Կոտայքում զինված հսկողություն են իրականացնում իրավապահները` ենթադրաբար մյուս կասկածյալներին գտնելու նպատակով:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: