«Այո և ոչ». Մուկուչյանը հաջորդ օրը ասելու ա, որ 72% «այո» ա եղել. սևանցին՝ Մարգարիտ Եսայանին
Обществоtert.am-ը գրում է.
Սահմանադրական փոփոխություններին նվիրված «Այո և ոչ» իրապատման 19-րդ օրը, «Հյուսիս» ուղղության մասնակիցները Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում են:
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ, «Այո» թևը ներկայացնող Մարգարիտ Եսայանը դիմելով սևանցիներին, ասաց. «Դեկտեմբերի 6-ին դուք չեք գնում այս կամ այն մարդուն, այս կամ այն կուսակցությանն ընտրելու: Դուք «կողմ» կամ «դեմ» եք արտահայտվելու սահմանադրական փոփոխություններին: Հիշեք, որ դուք չեք գնում իշխանություն կամ ընդդիմություն ընտրելու: Այս նախագիծը Հանրապետական կուսակցությունը չի գրել, սահմանադրագետներն են գրել, ովքեր սահմանադրություն գրելու մասնագետներ են»:
«Մի բան ասե՞մ»,- արձագանքեց սևանցիներից մեկը՝ ապա շարունակեց. «Ուզում ես ասենք «այո», ուզում ես ասենք «ոչ», մեկ ա, Մուկուչյանը հաջորդ օրը ասելու ա, որ 72% «այո» ա եղել»:
«Մուկուչյանն այլևս նոր նախագծով չի կարող նման բան ասել, որևէ մեկը չի կարող ասել, որովհետև այս նոր նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին նույնպես ոչ թե պետք է նշանակեն, այլ պետք է ընտրի այն խորհրդարանը, որին դու կբերես: Այդ դեպքում պատասխանատվությունն ավելի մեծ է լինելու, և ով էլ որ լինի ԿԸՀ նախագահ, շատ երկար պետք է մտածի, թե ինչ է ասելու»,-հակադարձեց Մարգարիտ Եսայանը: