Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելու օրինագիծը Բաքվի սանձերը կքաշի ու շատ ուժեղ
ИнтервьюԻնչպես արդեն տեղեկացրել էինք, ՌԴ Պետդումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Միրոնովն իր խմբակցության կողմից օրինագիծ է ներկայացրել Հայոց ցեղասպանության փաստը ժխտելը քրեականացնելու մասին:
Ըստ ներկայացված օրինագծի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող Ֆիզիկական անձինք կենթարկվեն 300 հազար ռուբլի տուգանքի կամ տվյալ անձը կազատազրկվի երեք տարի ժամկետով, իսկ իրավաբանական անձինք` ի դեմս ԶԼՄ-ների, կենթարկվեն 500 հազար ռուբլի տուգանքի, դե իսկ հեղինակները կազատազրկվեն հինգ տարի ժամկետով:
Թե ինչու ՌԴ-ն նոր հիշեց օրինագիծը քրեականացնելու մասին, Orer.am-ը պարզեց քաղաքագետ Գագիկ Համբարյանից:
«Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ Հայոց ցեղասպանության հարցը շատ պետությունների կողմից օգտագործվում է որպես շանտաժի միջոց Թուրքիայի նկատմամբ: Տվյալ երկրները նման կերպ են «ծեծի» ենթարկում Թուրքիային»,- ասաց քաղաքագետը՝ օրինակ բերելով նախկինում Թուրքիայի «վախը բռնած» մի քանի պետությունների:
«Նույն ԱՄՆ-ն դեռ 2002 թվականին, երբ Թուրքիան խնդրեց տրամադրել իր օդային տարածքն Իրաքը ռմակոծելու համար եւ ստացավ մերժում, Ջորջ Բուշը հայտարարեց, որ ժամանակն է, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
ԱՄՆ-ի այս քայլի հաջորդ իսկ օրը Անկարան գնաց զիջումների: Կարող ենք վերհիշել նաեւ թուրք-իսրայելական հարաբերությունները: Երբ դրանք սրվում էին, Իսրայելը հիշում էր Եղեռնի մասին: Ռուս պատգամավորները որեւէ արտառոց բան չարեցին: Մենք հասկանում ենք, որ Հայոց ցեղասպանության քրեականացումն օգտագործվում է որպես շանտաժ եւ Թուրքիային ճնշելու միջոց:
Կոպիտ ասած, լինելով փոքր պետություն` մենք չենք կարող ընդդիմանալ կամ մեզ վնաս տվող հայտարարություններով հանդես գալ: Այս պարագայում, եթե Հայոց ցեղասպանությունը քրեականացվի, ապա դա կլինի մեր օգուտը: Մենք շատ լավ գիտենք, որ Ռուսաստանում Հայոց ցեղասպանության դեմ դուրս եկողների մեծ մասն ադրբեջանցիներ են:
Նրանք են ստանձնել հայկական հակաքարոզչությունը ռուսական մամուլում, որովհետեւ իրենք ունեն շատ մեծ դիրք, եւ շատ լավ կլինի, որ օրինագիծն ընդունվի ու Բաքվի կողմից հովանավորվող կամ Բաքուն շատ սիրող մեդիադաշտի ներկայացուցիչները ենթարկվեն պատասխանատվության, որոնց շարքերն առաջին հերթին կհամալրեն Գուսման եղբայրները, որոնք բացեիբաց հակահայկական քարոզչություն են իրականացնում: Ճիշտ է, Անկարան այդքան մեծ լծակներ չունի, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ժխտող հոդվածներ պատվիրի, բայց Բաքվի սանձերն այս պարագայում կքաշեն ու շատ ուժեղ»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան