Վլադիմիր Գասպարյանը դրական է գնահատել օրերս հանցավոր խմբի վնասազերծանը ՀՀ ոստիկանության մասնակցությունը
ОбществоՆոյեմբերի 30-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են կոլեգիայի անդամներ, գլխավոր և մարզային վարչությունների պետեր, վարչությունների ու տարածքային բաժինների ղեկավարներ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` անդրադառնալով զինված հանցախմբի՝ օրերս տեղի ունեցած վնասազերծմանը՝ Վլադիմիր Գասպարյանը դրական է գնահատել ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությունն այդ պատասխանատու և վտանգավոր գործողությանը:
Միևնույն ժամանակ, ոստիկանության պետը մտահոգություն է հայտնել հանրության որոշ խմբերի գնահատականի վերաբերյալ և զգոնության ու անաչառության կոչ արել բոլոր նրանց, ում անվտանգությունը նույնպես ապահովվել է այդ գործողության մասնակիցների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաև զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման և մասնակիցների անվտանգության ապահովման խնդիրներին և անդրադառնալով այդ միջոցառումների կազմակերպիչների՝ ոստիկանությանն ուղղված հայտարարությանը՝ տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:
Այնուհետև ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը խորհրդակցության մասնակիցներին ցուցումներ է տվել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և ծառայության կազմակերպման ուղղությունների վերաբերյալ: