Գարեգին Երկրորդն ընդունել է «Հայկական հանրագիտարան» հրատարակչության աշխատակազմին
ОбществоՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 1-ին ընդունել է «Հայկական հանրագիտարան» հրատարակչության աշխատակազմին՝ ուղեկցությամբ գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հրատարակչության գլխավոր խմբագիրը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է «Հայկական հանրագիտարան»-ի գոր ծունեությունը և մասնավոր անդրադարձ կատարել վերջերս լույս ընծայված «Գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանի հրատարակությանն ու առաջիկա ծրագրերին:
Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել «Հայկական հանրագիտարան» հրատարակչության աշխատակիցներին՝ իրենց աշխատանքն ու առաքելությունը նվիրումով և պատասխանատվությամբ իրականացնելու համար: Վեհափառ Հայրապետը կարևորել է անցնող տասնամյակների ընթացքում հրատարակչության կողմից արձանագրված ձեռքբերումները:
Զրույցի ընթացքում խոսվել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և «Հայկական հանրագիտարան» հրատարակչության միջև գործակցության մասին:
Հանդիպմանն Ամենայն Հայոց կաթողիկոսը ներկայացրել է նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունեությունը հրատարակչական, կրթական, սոցիալական և տարբեր այլ ոլորտներում: Անդրադառնալով հայ ժողովրդի կյանքում եկեղեցու առաքելությունը` Նորին Սրբությունն ընդգծել է, որ Հայոց եկեղեցին առաջին հերթին կերտում է հայ մարդուն` օժտված բարոյական բարձր արժեքներով և նկարագրով, տոգորված հայրենիքի նկատմամբ սիրով և նվիրումով:
Վերջում Նորին Սրբությունը պատասխանել է հրատարակչության աշխատակիցների հարցերին: Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: