Մենք հասնելու ենք հաղթանակի ու ազատ ու անկախ, ամբողջական Հայաստանի առանց արյան. Րաֆֆի Հովհաննիսյան
Политика«Նոր Հայաստանի» հանրահավաքը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության հիմնով, որից հետո հանրությանը կոչով դիմեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը,- հայտնում է Orer.am-ը:
«Հարգելի հայրենակիցներ, մեր հավատամքը, հույսը, սերը եւ հայրենիքը մեկ է ու ամբողջական: Հայաստանի ճակատագիրն ու ապագան մեր միջոցով, մեզ հետ եղածների եւ այն մարդկանց միջոցով, ովքեր մեկ, հինգ կամ տասը ժամից միանալու են մեզ, դառնալու է մեկ միացյալ հրապարակ, որը բերելու է հնից դեպի նորը:
Այսօր Նոր Հայաստանը երկունքի մեջ է եւ հանրապետական կուսակցապետությունն ապրում է իր վերջին օրերը: Այն ջղաձգումները, որ մենք՝ բոլորս, տեսնում ենք հեռուստատեսությամբ եւ այն գյուղապետերը, նախարարներն ու շտաբի պետերը պատերազմ են հայտարարել սեփական երկրին ու քաղաքացիներին: Մենք թույլ չենք տալու, որ իրենք այս կեղծ հանրաքվեով ամրագրեն իրենց կուսակցապետությունը: Կորչի´ Հայաստանի կուսակցապետությունը, կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը: Նրանք վախի մեջ են: Իրենց ջահելներն ու ուժեղները ներկայացնում են անդեմ, հակազգային, ապաքաղաքցիական եւ մայրամուտ մտնող իշխանություն, որը վաղը կամ մյուս օրը կանգնելու է պատասխանատվության ու հաշվետվության, դատարանի առաջ: Ամեն մեկն իր հետագծի, ամեն մեկն իր հանցանքի դիմաց է պատասխան տալու: Սիրելի´ համաքաղաքացիներ, ուսուցիչներ, հանրային հատվածի աշխատակիցներ, ոստիկաններ, անվտանգության ծառայողներ, մեզանից ամեն մեկը հավասար է լինելու ՀՀ օրենքի ու Սահմանադրության առաջ:
Ես մի հորդորով եմ դիմում ձեզ, այսօր մենք ճամփա ենք ընկնում, ոչ թե պատմական ճամփով, այլ ապագա ուղղով, որը բերելու է ազատ, անկախ ու սահմանադրական Հայաստանի: Սթափ, շրջահայաց ու սադրիչներից հեռու: Միգուցե մենք գնանք զոհողության ճանապարհով, բայց այն կլինի հաղթանակի Հայաստանի Հանրապետության կերտման ճանապարհ: Ոստիկաննե´ր ու շարքայիննե´ր, ժողովրդի պահանջն ու հրահանգը ձեզ այն է, որ ձեր պարտքն է ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգությունը ուրիշ ոչինչ: Եթե հրահանգն անիրավ է, մի´ կատարեք, որովհետեւ օրենքի առաջ բոլորս ենք պատասխան տալու՝ սկսած ինձանից, վերջացրած ձեզանով:
Մենք հասնելու ենք հաղթանակի ու ազատ ու անկախ, ամբողջական Հայաստանի՝ առանց արյան: Ոստիկաննե´ր ու ոստիկանապետե´ր, արյան աղբյուրներն ուրիշ տեղերում փնտրեք եւ սանձե´ք նման դեպքերը, որովհետեւ դուք եք պատասխանատվություն կրելու հայ մարդու համար: Էս ի՞նչ վախ է, վախկոտություն, կեղծիքի մեջ թաթախված իշխանություններ: Թույլ չեն տալիս, որ մարդիկ մարզերից գան ու մասնակցեն հանրահավաքին: Հիմա զգուշացնում եմ, ժողովրդական պահանջն ու հրահանգն այն է, որ այն գյուղապետը, քաղաքապետը, նախարարը, ոստիկանն ու ոստիկանապետը, ով փակել է ճանապարհը, անվանական պատասխանատվություն պետք է կրի Հայաստանի անկախ դատարանի առաջ: Սիրելի´ հայրենակիցներ, մենք այսօր պետք է խոսենք ու հետո անցնենք գործի եւ այդ գործը մի օրվա չէ: Մենք պետք է քայլենք խաղաղ ու սահմանադրական»: