Էրդողանը նախազգուշացրել է «Ռուսաստանի դեմ պատասխան քայլերի» մասին
ОбществоԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի ցանկանում սրել լարվածությունը Ռուսաստանի հետ, բայց պատրաստ է պատասխան գործողություններ ձեռնարկել:
Ինչպես հայտնում է TASS գործակալությունը, այս մասին նա խոսել է Քաթարում` նշելով. «Մենք զգացմունքային չենք եղել ու դա չենք անելու: Մենք ցանկություն չունենք այդ լարվածությունը ավելի սրել: Մենք գործելու ենք դիվանագիտական մեթոդով: Եթե Ռուսաստանը շարունակի իրեն այդպես դրսևորել, դրան ի պատասխան մենք մեր քայլերը կձեռնարկենք: Մենք ցավով ենք հետևում Ռուսաստանի անհամաչափ արձագանքին»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը կրկին հերքել է մեղադրանքները, որ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը ներքաշված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ նավթի առքուվաճառքի գործարքներում: «Թուրքիան դեռևս չի կորցրել խիղճը, որպեսզի նավթ ստանա ահաբեկչական կազմակերպությունից», -ասել է նա Քաթարում:
Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»:
«Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության հետ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր մեջքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները:
Այն ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել»,- ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ: