Խաչատրյանական փառատոնի վերջին կամերային համերգին ելույթ ունեցավ «Հովեր»-ը
КультураԱրամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի վերջին կամերային համերգին ելույթ ունեցավ «Հովեր» երգչախումբը:
«Խաչատրյանը երգչախմբի համար գրված գործեր չունի: Միայն հայտնի է նրա «Ձոն ուրախության» ստեղծագործությունը, որը շատ հաճախ էր կատարվում սովետական շրջանում: Ներկայացրինք կոմիտասյան «Պատարագ»-ից հատվածներ, որոնք մաստաբով փոքր են, բայց իրենց մոնումենտալ մտածողությունը նույնացնում է Կոմիտասին և Խաչատրյանին: Այդ առումով կարելի է զուգահեռներ անցկացնել երկուսի միջև»,- «Հովեր» երգչախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում դեկտեմբերի 2-ին անցկացված համերգի առաջին հատվածում ելույթ ունեցավ «Հովեր» սեպտետը, երկրորդ մասում` ամբողջ երգչախումբը:
«Ես մտադրված էի, որ միայն սեպտետը պետք է ելույթ ունենա, բայց չդիմացա, որովհետև մենք նոր ստեղծագործություններ ունեինք մեր ծրագրում, որոշեցի, որ պետք է հնչեն: Սեպտետը վերջերս վերադարձել է Ստրասբուրգից, որտեղ հրաշալի համերգներով է հանդես եկել էկզոտիկ` տիբեթյան, հնդկական խմբերի կողքին: Շատ մեծ արձագանքներ ունենք այդ համերգներից»,-ընդգծեց Սոնա Հովհաննիսյանը: Հնչեցին նաև Սայաթ-Նովայի, Արթուր Ավանեսովի, Վաչե Շարաֆյանի և այլ կոմպոզիտորների գործեր:
«Մեր լավագույն կոլեկտիվներից մեկն է ելույթ ունենում: Ես միշտ հպարտությամբ ասում եմ, որ Հայաստանում մենք ունենք շատ բարձր մակարդակի կոլեկտիվներ, ինչպես «Հովեր» երգչախումբն է: Այսօրվա ծրագիրը նույնպես շատ հետաքրքիր է: Սա մեր վերջին կամերային համերգն է, շատ խորհրդանշական է, որ այն անցկացվում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում»,-մեզ հետ զրույցում նշեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Հոկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 5-ն անցկացվող երաժշտական այս տոնի ընթացքում տեղի են ունենում կամերային և սիմֆոնիկ համերգներ: