Հայաստանում առևտրի շրջանառության ծավալը նվազել է 6.4 տոկոսով
ЭкономикаԱյս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում առևտրի շրջանառության ծավալն, ընթացիկ գներով, կազմել է 1 տրլն 816 մլրդ 674.6 մլն դրամ (ավելի քան 3 մլրդ 755.7 մլն ԱՄՆ դոլար)` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 6.4 տոկոսով:
Ինչպես տեղեկացնու է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, մանրածախ առևտրի ոլորտում գրանցվել է 8.3 տոկոս նվազում` մինչև 1 տրլն 61 մլրդ 958.5 մլն դրամ, մեծածախ առևտրի ոլորտում արձանագրվել է 2.9 տոկոս անկում` կազմելով 689 մլրդ 833.5 մլն դրամ, իսկ ավոտոմեքենաների առևտրի ծավալը (ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ` դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը) նախորդ տարվա առաջին տասն ամիսների համեմատ նվազել է 10.3 տոկոսով և կազմել 64 մլրդ 882.6 մլն դրամ:
Մանրածախ առևտրի ոլորտում աճ է գրանցվել սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների պարագայում` համապատասխանաբար, 3.4 տոկոս և 2.7 տոկոս, որտեղ առևտրի ծավալները կազմել են, համապատասխանաբար, 63 մլրդ 52.4 մլն դրամ և 16 մլրդ 119.2 մլն դրամ: Խանութների առևտրի ծավալը նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ նվազել է 11.5 տոկոսով` մինչև 751 մլրդ 802.9 մլն դրամ, կրպակներինը` 8.7 տոկոսով` մինչև 24 մլրդ 462.8 մլն դրամ, իսկ առևտրի այլ օբյեկտներինն աճել է 0.5 տոկոսով` մինչև 206 մլրդ 521.2 մլն դրամ:
Այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ` ապրանքային պաշարները մանրածախ առևտրում կազմել են 147 մլրդ 115.3 մլն դրամ, իսկ ապրանքային պաշարներով ապահովվածությունը` 56 օր` հոկտեմբերի 1-ի 155 մլրդ 757.1 մլն դրամի և 59 օրվա փոխարեն: