Երգչուհի Լեոնորան Սպահանում հանդես կգա Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մենահամերգով
ОбществоԳյումրեցի երգչուհի Լեոնորան Սպահանում հանդես կգա «Հիշում եմ և պահանջում» խորագրով մենահամերգով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Երգչուհու պրոդյուսեր Վիգեն Թանաշեանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ համերգային ծրագիրը բաղկացած է երկու մասից. առաջինը հոգևոր երգեր են` հայ և օտարազգի հեղինակների ստեղծագործություններով, երկրորդը՝ դասական ու կրկին ինչպես հայ, այնպես էլ օտար հեղինակների գործերով: «Ընդհանրապես դասական երաժշտությունը միշտ չէ, որ հեշտ է պրոպագանդել, և դա է պատճառը, որ նաև դժվար է համերգներ կազմակերպել: Այս անգամ մոտ 1 տարի պահանջվեց այս համերգի կազմակերպման համար, բայց անչափ ուրախ եմ, որ երգչուհին այս մենահերգը նվիրում է Ցեղասպանության 100- րդ տարելիցին»,-նշեց պրոդյուսերը՝ իր շնորհակալությունը հայտնելով Սպահանի Հայոց թեմի Քրիստոնական դաստիարակության խորհրդին և թեմակալ առաջնորդին:

Լեոնորան թեեւ մենահամերգներ ունեցել է, սակայն այս մեկը առանձնացնում է: «Այս մենահամերգն ինձ համար նշանակալից է ոչ միայն նրա համար, որ կրում է «Հիշում եմ և պահանջում» խորագիրը և նվիրված է Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, այլ նաև նրա համար, որ տեղի է ունենում դեկտեմեբրի 7-ին՝ Սպիտակի երկրաշարժի օրը, այսպիսով ես իմ խոնարհումն եմ բերում նաև Սպիտակի զոհերի հիշատակին: Ի դեպ, այս համերգը ողբ ու լաց չէ, այլ հայի վերածննդի, նրա մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման խորհուրդն ունի»,-»Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց Լեոնորան:
Համերգը տեղի է ունենալու դեկտեմբերի 7-ին, Նոր Ջուղայի «Արարատ» միության սրահում: Համերգի նախաձեռնությունը Սպահանի Հայոց թեմի Քրիստոնեական դաստիարակության խորհրդինն է՝ հովանավորությամբ Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Չարեանի:
Արմենուհի Մխոյան