Հայաստանում կտրուկ աճել է հետաքրքրությունը չինարենի ուսումնասիրման նկատմամբ
ОбществоՀայաստանում կտրուկ աճել է հետաքրքրությունը չինարենի ուսումնասիրման շուրջ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը:
«Եթե 2014 թվականին Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսանողների թիվը 120-ն էր, ապա այս տարի մեր ինստիտուտում ունկնդիրների թիվը գերազանցում է 250-ը: Չինարենն ինքնին բավականին հետաքրքիր և հայերիս համար շատ հեռանկարային լեզու է: Եթե մենք գնահատում ենք Չինաստանում բիզնեսը, ուսումը, չինացիների հետ գործարար հարաբերությունները, ապա հատկապես երեխաների կողմից չինարենի ուսումնասիրությունը հեռանկարային է ծնողների համար», - ասաց Գոռ Սարգսյանը:
Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրենը հավելեց, որ ոչ միայն ծնողներն են հետաքրքրված երեխաների կողմից չինարենի ուսումնասիրմամբ, այլև հաճախ երեխաներն իրենք են ցանկանում սովորել այն: Գոռ Սարգսյանի խոսքով՝ 2009 թ.-ին կենտրոնի բացման օրվանից ի վեր գործում են մեծերի և մանուկների խմբեր, որտեղ չինարեն ուսումնասիրողները 7-60 տարեկան են: Իսկ ընթացիկ ուսումնական տարում մեծ պահանջարկի արդյունքում կենտրոնի փոքրերի ընդունելությունը կատարվեց երկու ալիքով: