Հայաստանում ՄԱԿ-ը կիրականացնի 35 մլն 880 հազար ԱՄՆ դոլարի աշխատանք
ЭкономикаՀայաստանի ՄԱԿ Զարգացման աջակցության 2016-2020թթ. ծրագիրի շրջանակում Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան թիմը մինչև 2020 թ. Հայաստանում արդարացի, կայուն տնտեսական զարգացման և աղքատության կրճատման նպատակով նախատեսում է իրականացնել շուրջ 35 միլիոն 880 հազար ԱՄՆ դոլարի արժողությամբ աշխատանք:
Արդարացի, կայուն տնտեսական զարգացում և աղքատության կրճատումն ապահովելու համար Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը ՀՀ կառավարության հետ համագործակցության արդյունքում մինչև 2020 թվականը նպատակադրված է ապահովել որակյալ և լավ վարձատրվող աշխատատեղերի ստեղծում, օգնել կառավարությանը մինչև 2021թ.-ը ապահովել զբաղվածության ընդլայնում շուրջ 135 հազար աշխատատեղով:
2014 թվականին 144 երկրների շարքում Հայաստանը համաշխարհային մրցունակությամբ զբաղեցրել է 85-րդ հորիզոնականը: Առաջիկա հինգ տարիների ընթացքում նախագծերի բարեհաջող իրականացման արդյունքում նախատեսվում է Հայաստանը տեսնել 80-րդ հորիզոնականում, աղքատության մակարդակը 32%-ից հասցնել 27%-ի, ընդ որում տղամարդկանց շրջանում աղքատության 31.7%-ը կհանսի 27%-ի, կանանց շրջանում՝ 32.2%-ը՝ 27%-ի, երիտասարդների շրջանում (15-17տ.)՝ 35.4%-ից 30%-ի:
Նախատեսվող աշխատանքների արդյունքում մինչև 2020թ. գյուղական բնակչության մեկ շնչի հաշվով միջին ամսական համախառն եկամտի մակարդակը այսօրվա 41,514 ՀՀ դրամից նախատեսվում է բարձրացնել 51,500 ՀՀ դրամի, իսկ հիմնված և գործող սկսնակ ձեռնարկությունների թիվը 0-ից հասցնել 80-ի:
Հայտնի է, որ 2013 թվականին Հայաստանում բնակչության գրեթե ամեն երրորդը (32%) եղել է աղքատ, տարածաշրջանների միջև անհավասարություններով՝ ինչպես արտացոլված է Ջինիի գործակցում, ըստ որի այն կազմում է 0.372: Շիրակի, Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզերում աղքատության մակարդակը գերազանցել է երկրում գրանցված միջին ցուցանիշը: Ըստ քաղաքային և գյուղական համայնքներում բնակչության կենսամակարդակի բաշխվածության՝ աղքատների մեծ մասը (63.8%) կազմում են քաղաքաբնակները: Գյուղերում աղքատ բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, ինչն աշխատող բնակչության 36%-ն է և կազմում է ՀՆԱ-ի 19%-ը: Մինչև 2020թվականը նպատակ է դրվել զգալիորեն նվազեցնել զբաղվածության, կրթության կամ ուսման ոլորտում չընդգրկված երիտասարդների համամասնությունը, բարելավել Հայաստանի մրցունակությունը, իսկ կայուն տնտեսական հնարավորություններն առավել հասանելի դարձել հատկապես խոցելի խմբերի համար: Առավել նշանակալի խոցելի խմբերն են՝ կանայք, երիտասարդները, փախստականները, վերադարձող միգրանտները, միգրացիայի հակված անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք և հեռավոր վայրերի գյուղական բնակչությունը:
Միջանկյալ արդյունքի կատարմանն աջակցող ՄԱԿ-ի գործակալությունները կլինեն ՄԱԱԶԿ, ՄԱԶԾ, ՊԳԿ, ԱՄԿ, ՄՄԿ, ՊՀԾ, ՄԱԿ ՓԳՀ, ՄԱԿԳՄԿ, ՄԱԿ ԵՏՀ, ՄԱԱԶԽ: Իսկ ՀՀ կառավարության հիմական գործընկերները՝ ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, գյուղատնտեսության, էներգետիկայի, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, սփյուռքի, աշխատանքի և սոցիալական հարցերի, մշակույթի, կրթության և գիտության նախարարություններ: