Սեւանի երաժշտական դպրոցն անվանակոչվել է երգահան Վալերի Սարգսյանի անունով
ОбществоՍեւան քաղաքի երաժշտական դպրոցն այսուհետ կրելու է Սեւան քաղաքի բնակիչ, հայտնի երգահան, Սեւանի հիմնի հեղինակ Վալերի Սարգսյանի անունը, ում երկրային կյանքի ուղին ընդհատվեց 2014 թվականին: «Սեւանի երաժշտասեր հանրության կողմից քաղաքապետին ներկայացված խնդրանք-ցանկությունը` երաժշտական դպրոցը Վալերի Սարգսյանի անունով կոչելը, անարձագանք չմնաց. այն ներկայացվեց ավագանու նիստի քննարկմանը եւ հաստատմանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:
Գնահատելով ու արժեւորելով մեր հայրենիքին պատիվ բերած մտավորականին` համայնքի ավագանու անդամները միաձայն որոշեցին Սեւանի երաժշտական դպրոցն անվանակոչել Վալերի Սարգսյանի անունով: Երաժշտական դպրոցի բակը մարդաշատ էր: Հավաքվել էին կոմպոզիտոր Սարգսյանի ընկերներն ու գործընկերները, ծանոթները, երաժշտասեր սեւանցիները, կոմպոզիտորի սաները: Առիթը դպրոցը Վալերի Սարգսյանի անունով կոչելու հուշատախտակի բացման արարողակարգն էր: Սեւանի օրհներգի հնչյունների ներքո բացվեց հուշատախտակը, որին հաջորդեցին ելույթները, որոնք Սարգսյան մտավորականի, երաժշտի, ուսուցչի, ընկերոջ, քաղաքացու կերպարի ամբողջացման եւս մեկ փորձ էին, շնորհավորանքի խոսքերը, երաժշտական դպրոցի փողային, շեփորահարների եւ դուդուկահարների անսամբլի ելույթները:
«Հուզված, միաժամանակ հպարտ էին ընտանիքի անդամները, կոմպոզիտորի մտերիմներն ու նրան ճանաչողները: Վալերի Սարգսյանը կրկին վերադարձել էր սիրելի աշխատավայր. այս անգամ` իր հոգեւոր ներկայությամբ, իր անունով, որ այսուհետ զարդարելու է երաժշտական դպրոցի մուտքը»,- նշեց Արմինե Ղուկասյանը` հավելելով, որ լուսահոգի մտավորականը շարունակում է ապրել մարդկանց հիշողություններում եւ իր ստեղծագործություններում:
«Ավարտելով Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երգչախմբային դիրիժորության, ապա ստեղծագործական բաժինները, ուսանելով Գրիգոր Եղիազարյանին եւ Ավետ Տերտերյանին` տաղանդաշատ երաժիշտն իր ստեղծագործական կյանքը զուգորդեց մանկավարժական գործունեությանը: 20 տարի ղեկավարելով Սեւանի երաժշտական դպրոցը, ապա դասավանդելով նույն դպրոցում` Վալերի Սարգսյանը միաժամանակ սերունդներ էր կրթում նաեւ Գավառի երաժշտական ուսումնարանում եւ Սեւանի հոգեւոր դպրանոցում: Նրա բարձրարժեք ստեղծագործությունները կատարել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ՀՀ մշակույթի նախարարության կամերային նվագախումբը, օպերային թատրոնի սինֆոնիկ նվագախումբը` մեծ ճանաչում ունեցող մենակատարների նվագակցությամբ:
Վալերի Սարգսյանի Թավջութակի կոնցերտը մասնակցեց Լոնդոնում կայացած «Մաստեր Փրայզ» միջազգային մրցույթին, որը ղեկավարում էր Ռոստրոպովիչը: Նրա անունը հայտնվեց լավագույնների ցանկում, որի արդյունքում Բելգիայի թագավորական երաժշտական միության մեկենասությամբ Սարգսյանը գրեց Ֆլամանդական սյուիտը, որը հնչեց Բելգիայում կոմպոզիտորի մյուս ստեղծագործությունների հետ: Վալերի Սարգսյանը հեղինակեց նաեւ Սեւանի օրհներգը: Ողջ կյանքում լինելով համեստ, հաճախ աչքի չընկնող, նա իր ստեղծագործություններում հզոր էր` ձեռքը միշտ դրած երաժշտության տրոփող զարկերակի վրա»,- նշեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Նա նաև տեղեկացրեց, որ օրերս Սեւանում հանդիսավորությամբ նշվել է «Հեքիաթ» մանկապարտեզի գործունեության կեսդարյա հոբելյանը:
Խոսրով Խլղաթյան