Վարկային կազմակերպությունների տրամադրված վարկերի ծավալն ավելացել է 14.6 տոկոսով
ЭкономикаՀայաստանում և ԼՂՀ-ում 2015 թվականի հունիսի 30-ի դրությամբ գործել են 32 վարկային կազմակերպություններ, որոնց տրամադրած ընդհանուր վարկերի ծավալը կազմել է 195.5 մլրդ դրամ (ավելի քան 403 մլն 433.8 հազար ԱՄՆ դոլար) կամ բանկային համակարգի կողմից տրամադրված վարկերի ծավալի 9.6 տոկոսը (2014 թվականի հունիսի 30-ի դրությամբ` 9.1 տոկոսը):
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2014 թվականի հունիսի 30-ից 2015 թվականի հունիսի 30-ը ժամանակահատվածում վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերն ավելացել են 14.6 տոկոսով (24.8 մլրդ դրամով)` հիմնականում սպառողական և գյուղատնտեսության վարկերի աճի հաշվին:
Նշված ժամանակահատվածում վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի աճ է արձանագրվել ՀՀ բոլոր մարզերում և ԼՂՀ-ում: Արդյունքում` վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված ընդհանուր վարկերում 2.4 տոկոսային կետով նվազել է ամենամեծ տեսակարար կշիռն ունեցող Երևանի մասնաբաժինը` կազմելով 48.1 տոկոս: