Էդվարդ Նալբանդյանն ու Հարլեմ Դեզիրը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր
ПолитикаԲելգրադում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 3-ին հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարար Նալբանդյանը և պետքարտուղար Դեզիրը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր:
Պետքարտուղար Դեզիրը շնորհակալություն է հայտնել նախարար Նալբանդյանին Փարիզում իրականացված ահաբեկչություններից հետո Ֆրանսիայի հետ Հայաստանի համերաշխության դրսևորումների համար՝ նշելով, որ Ֆրանսիան բարձր է գնահատում դժվարին պահին բարեկամ պետությունների աջակցությունը:
Երկուստեք շեշտվել է, որ ահաբեկչության դեմ պայքարում քաղաքակիրթ աշխարհը պետք է միավորի ջանքերը՝ արմատախիլ անելու համար այդ չարիքը:
Հայաստանի արտգործնախարարը և Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով պետքարտուղարը անդրադարձ են կատարել ՀՀ - ԵՄ նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների մեկնարկին: Զրուցակիցները հույս են հայտնել, որ առկա ձեռքբերումները կդյուրացնեն նոր համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու գործընթացը: