ԵՏՄ անդամ լինելը դեռ չի նշանակում մյուս անդամների հետ բարեկամական հարաբերություններ
АналитикаԱյն, որ ԵՏՄ անդամ լինելը դեռ չի նշանակում, որ այդ միության մյուս անդամ երկրների հետ բարեկամական հարաբերություններ են, և միմիյանց շահերը հաշվի են առնվելու, դա արդեն իսկ մեզ համար պարզ էր Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի կեցվածքից, Հայաստանի հանդեպ ակնհայտորեն ոչ դրական վերաբերմունքից:
Բայց պարզվում է, որ նման կեցվածքը Նազարբաևի մոտ ոչ միայն Հայաստանի հանդեպ է: Ղազախստանի ցմահ նախագահը հիմա էլ որոշել է իբրև թե, որպես միջնորդ, հանդես գալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, և Անկարային ու Մոսկվային կոչ է արել «ստեղծել համատեղ հանձնաժողով, գտնել մեղավորներին, պատժել և ընդունել սխալները՝ վերականգնելով հարաբերությունները»: Այս ամենը Ղազախստանի նախագահը հիմնավորել է նրանով, թե իբրև ինքը երկար տարիներ աշխատել է Թուրքիայի և Ռուսաստանի դիրքերի մերձեցման ուղղությամբ և չի ուզում, որ տարիներ շարունակ կառուցածը հօդս ցնդի:
Սակայն ակնհայտ է, որ Նազարբաևը, լինելով թյուրքալեզու պետության նախագահ, պարզապես պաշտպանում է իր ազգակից թուրքերի շահերը՝ դրանք ավելի կարևոր համարելով նույնիսկ գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերություններից:
Ի՞նչ է նշանակում գտնել մեղավորներին, երբ Թուրքիայի վարչապետն իր վերջին հայտարարություններում արդեն գրեթե բառացի մատնել է իրենց, որ ռուսական ինքնաթիռի խոցումն իրենց կողմից միտումնավոր և պլանավորված է եղել, որ Ռուսաստանի ներկայությունը Սիրիայում վնասում է Թուրքիայի շահերին, որոնց մեջ մտնում է նաև Թուրքիա-ԻԼԻՊ համագործակցությունը:
Ի՞նչ սխալներ ընդունելու մասին կարող է խոսք գնալ, երբ Էրդողանն ու Դավութօղլուն բացահայտ ասել են, որ չեն պատրաստվում ներողություն խնդրել Ռուսաստանից:
Այսինքն, Նազարբաևն ուզում է, որ միայն Ռուսաստա՞նը ընդունի իր «սխալը»: Սա, իմ կարծիքով, ոչ թե անարդարացի կերպով հավասարության նշան դնել է, այլ նույնիսկ՝ ցինիզմի դրսևորում:
Տարօրինակ կլինի, եթե Ռուսաստանը դրական արձագանքի և հետևի Նազարբաևի «խորհրդին»: Դա, իհարկե, չի խոսի Ռուսաստանի օգտին:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան