Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ռոբերտ Աթոյանի մահվան կապակցությամբ
ОбществоՆախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ին ցավակցական հեռագիր է հղել անվանի գիտնական, Ավտոմատացված համակարգերի կառավարման գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր, Հանրային խորհրդի անդամ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռոբերտ Աթոյանի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա անվանի գիտնական, Ավտոմատացված համակարգերի կառավարման գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր, Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռոբերտ Աթոյանի մահվան մասին:
Ռոբերտ Աթոյանն իր երկարամյա գործունեությամբ մեծ ավանդ է ներդրել Հայաստանում հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի զարգացման գործում, արժանացել Հայաստանի պետական մրցանակի և պետական բարձր պարգևների:
Խորին ցավակցություն եմ հայտնում ճանաչված գիտնականի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»: