Հայ իմպրեսիոնիզմի հիմնադիր Եղիշե Թադևոսյանի աշխատանքների ռետրոսպեկտիվան ներկայացվեց Երևանի արվեստասերներին
КультураՀայ իմպրեսիոնիզմի հիմնադիր Եղիշե Թադևոսյանի աշխատանքների ռետրոսպեկտիվան առաջին անգամ ներկայացվեց Հայաստանի Ազգային պատկերասրահում: Արմենպրեսի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 4-ին բացված ցուցահանդեսին ներկայացված են նկարչի տարբեր տարիների փոքրածավալ էտյուդներ, 80-ից ավել ճեպանկար, պատմական արժեք ունեցող եզակի լուսանկարներ, արժեքավոր նմուշներ նկարչի նամակագրու թյունից, ինչպես նաև ունիկալ վիտրաժ:
«Մենք խորացնում ենք մասնավոր հավաքածուների տերերի հետ համագործակցությունը և դրան է նվիրված Հայաստանի ազգային պատկերասրահում Վահագն Գրիգորյանի անձնական հավաքածուի մասնակցությամբ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 145-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված են նրա էտյուդային նյութերը», - ասաց Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:
Ռուսական և հայ կերպարվեստի ներկայացուցիչը ծնվել էր Վաղարշապատում, իսկ ուսումն առել Ռուսաստանում: Նրա ամենահայտնի գործերից է «Հանճարը և ամբոխը» կտավը: 19-րդ դարավերջի - 20-րդ դարասկզբի հայ մեծանուն արվեստագետ, ժամանակի տաղանդավոր բնանկարիչ, դիմանկարիչ, ժանրիստ Եղիշե Թադևոսյանը աշխատել է կերպարվեստի ամենատարբեր տեսակներում` գեղանկար, գրաֆիկա, խճանկար, քանդակ, բեմանկարչություն, գրքի ձևավորում:
«Անչափ ուրախ եմ, որ մեր ուսանողությունը հնարավորություն ստացավ մոտիկից ծանոթանալ հայ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկի աշխատանքներին, քանի որ առ այսօր չկա նրա աշխատանքների ալբոմը: Այսօրվա շատ ուսանողների մոտ կանաչի զգացումը կաղում է, ինչը իմպրեսիոնիստների և մասնավորապես Թադևոսյանի մոտ պարզապես զարմանալի և հիանալի է», - ասաց Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:
[gallery id= 56156]
Եղիշե Թադևոսյանի ստեղծագործական ոճի և յուրատիպ աշխարհընկալման կայացմանը մեծապես նպաստել է իր ուսուցիչ Վ.Պոլենովը, որի հետ կապված է եղել ջերմ ու մտերիմ հարաբերություններով: Ռուս մեծ արվեստագետներին աշակերտած, ժամանակի առաջատար գաղափարներին դավանած, գեղանկարչական տարբեր դպրոցներին և ուղղություններին, համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցներին քաջ ծանոթ նկարիչն իր հստակ տեղն ու ճանաչումն է ձեռք բերել ոչ միայն հայ կերպարվեստում, այլև ռուս համախոհ-նկարիչների փառաշարքում:
Աշխատելով գեղանկարի գրեթե բոլոր ժանրերում, Եղիշե Թադևոսյանը ստեղծել է 700-ից ավել փոքրածավալ էտյուդներ (շուրջ 500- ՀԱՊ-ի հավաքածուում), մի շարք թեմատիկ կոմպոզիցիաներ:
Ցուցահանդեսի գոհարները հիմնված են կոլեկցիոներ Վահագն Գրիգորյանի ծավալուն և հարուստ հավաքածուր վրա, որը ձևավորվել է տասնյակ տարիների ընթացքում և ընդգրկում է հայ դասական վարպետների արժեքավոր կտավներ: Հավաքածուում առանձնակի տեղ է զբաղեցնում Եղիշե Թադևոսյանի բաժինը, որի հիմնական մասը նկարահավաքը ձեռք է բերել Թբիլիսի կատարած իր այցի ընթացքում նկարչի հրեա հարևանից:
Ցուցադրության մյուս հատվածն ընդգրկում է Հայաստանի ազգային պատկերասրահի հուշաձեռագրային բաժնի ֆոնդերում պահվող նամակագրական ու կենսագրական հարուստ նյութն ու նոթատետրերը, էտյուդներն ու գծապատկերները, որոնք թանգարանին է կտակել նկարչի կինը` ազգությամբ շվեյցարուհի Ժյուստինա Նեֆը: Էտյուդների մեծ մասը թվագրվել է ցուցահանդեսի նախապատրաստական փուլում՝ գիտական ուսումնասիրության ընթացքում: