«Ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրներ» 9-րդ միջազգային գիտաժողովը կանցկացվի Երևանում
ОбществоԻտալիայի Ֆլորենցիա քաղաքում ավարտված «Ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրներ» խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովը մասնակիցները առանձնակի կարևորել ենՃարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) դերը, որպես գիտաժողովի հիմնադրի, ընդգծելով գիտաժողովի գործնական նշանակությունը ոլորտի զարգացման համար։
«Ճարտարապետության և շինարարության դերը և նշանակությունը առանձնակի կարևորվում է համընդհանուր տնտեսաքաղաքական գլոբալացման համտեքստում, քանզի ճարտարապետությունը ազգերի մտածողության առանձնահատկության վառ դրսևորումներից մեկն է»,- ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը, նշել է ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը։
Գիտաժողովում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, որոնք գերակա են ոլորտում։ Մասնավորապես, ներկայացվել են ճարտարապետության, կայուն շինարարական նութերի ու տեխնոլոգիաների, բնապահպանական ճարտարագիտության, կենսատեխնիկայի, սեյսմակայունության, տրանսպորտային խնդիրներին առնչվող, ինչպես նաև ժառանգության պահպանման համար գործածվող տեխնոլոգիաներ ու գործարարական մեթոդաբանության, ժառանգության խթանման նպատակով մշակույթային զբոսաշրջության խթանման ուղիների վերաբերյալ հարցեր։
«Ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցել են Ֆլորենցիայի և «Ռոմուալդո դել Բիանկո» հիմնադրամի, Չեստոհովայի տեխնիկական, Պեկինի շինարարության և ճարտարապետության, Սանկտ Պետերբուրգի ճարտարապետաշինարարական, Օստրավայի տեխնիկական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանները։
ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանի առաջարկությամբ` միաձայն որոշվել է հերթական միջազգային 9-րդ գիտաժողովը անցկացնել Հայաստանում՝ համալսարանի 95-ամյակի շրջանակներում։ Գիտաժողովի ավարտին ՃՇՀԱՀ-ն ծրագրի շրջանակներում Իտալիայի «Ռոմուալդո դել Բիանկո» հիմնադրամի Արեստ Բեգլարյանի անվան սրահում կազմակերպվել է հայկական հյուրասիրություն՝ ազգային ուտեստներով։
«Ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրներ» խորագրով առաջին երկու գիտաժողովները ՃՇՀԱՀ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել են ՀՀ-ում 2008 և 2010թթ։