Շիրակում նկատվում է հանրաքվեին քաղաքացիների մասնակցության ակտիվացում
ОбществоՇիրակի մարզում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին քաղաքացիների մասնակցության ակտվություն է նկատվում: Չնայած այն փաստին, որ քաղաքացիները գերադասել են ընտրատեղամասեր այցելել օրվա երկրոդ կեսին, սակայն սա այն ակտիվությունը չէ, ինչ սպասվում էր: Մարզի տարածքում ժամը 14:00-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է ընտրողների 18,8 տոկոսը:
Շիրակի մարզպետարանի ՏԻ և հանրապետական գործադիր մարմնի հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը, ժամը 14:00-ի դրությամբ մարզում հանրաքվեին մասնակցել է 43 հազար 370 քաղաքացի: Ավելի ակտիվ են այն համայնքները, որտեղ այսօր կայանում են նաև ՏԻՄ ընտրություններ. մարզի 8 համայնքներում ընտրում են համայնքի ղեկավարի:
«Կան համայնքներ, որտեղ մինչև 50 տոկոս ակտիվություն է գրանցվել. օրինակ` Փոքր Սարիար, Հարթաշեն, Զարիշատ: Համեմատաբար ակտիվ են ՏԻՄ ընտրություններ ունեցող համայնքները` Շիրակը, Նահապետավանը, Բասենը, Գառնառիճը, Գեղանիստը, Տուֆաշենը, Պեմզաշենը. այս համայնքներում ակտվությունը 25 տոկոսից արդեն բարձր է, ինչը, հավանաբար, կապված է նաև համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունների հետ: Այս պահին մարզպետարանը խախտումներ կամ ահազանգեր բնակիչներից չի ստացել»,-նշեց Ռուբեն Հարությունյանը:
Ընտրատեղամասերում քվեարկությանը հետևում են տեղական և միջազգային դիտորդներ: Եթե տեղական դիտորդները «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ ներկայացնում էին իրենց դիտողությունները, կամ արձանագրված խախտումները, ապա միջազգային դիտորդներն ավելի պասիվ էին: Գյումրու թիվ 35/27 ընտրատարածք այցելած միջազգային՝ ԱՊՀ դիտորդ Ալեքսանդր Կոչագարովը, զերծ մնալով որևէ բացատրությունից, նշեց, որ ինքն այս պահին լիազորված չէ գնահատկան տալու:
Տեղական դիտորդներից շատերը արտառոց դեպքեր չեն արձանագրել, նրանց խոսքով, ավելի շատ տեխնիկական բնույթի խնդիրներ են եղել, որոնք նկատողությունից հետո շտկվել են: «Ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ է: Քաղաքացիները գալիս են, կատարում իրենց քաղաքացիական պարտքը և գնում: Ինչ էլ որ նկատել ենք, մանր վրիպակներ են եղել, որոնք շտկվել են: Ամեն ինչ վերահսկելի է հնարավորության չափով»,-նշեց «Իրավունքի եվրոպական միավորում» կազմակերպության դիտորդ Վլադիմիր Մխիթարյանը:
Գյումրու 33/70 ընտրատեղամասում առավոտյան արձանագրվել է պահարանի փականի հետ կապված խնդիր. դիտորդը` «Արագ արձագանքման կենտրոն»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Սարգսյանն արձանագրել է այդ խախտումը, բայց, համոզվելով, որ պահարանի սոսնձնած թուղթը կարգին վիճակում է, իսկ պահարանի պարունակությունն ամբողջովին նորմալ, դեպքն արձանագրելուց հետո գրանցամատյանում ստորագորւթյամբ նշել է, որ ամեն ինչ նորմալ է:
Արմենուհի Մխոյան