Արարատի մարզում հանրաքվեն ընթանում է առանց միջադեպերի
ОбществоՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ժամը 17:00-ի դրությամբ Արարատի մարզում ոչ մի արտառոց դեպք, դիմում-բողոք կամ միջադեպ չի գրանցվել: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Ալինա Լալայանը` ավելացնելով, որ մարզի բոլոր ընտրատեղա մասերն ըստ կարգի բացվել են ժամը 08:00-ին: «Ժամը 17:00-ի դրությամբ մեզ մոտ ոչ մի ահազանգ չի եղել, եւ այս պահին էլ բնականոն հունով եւ ըստ կարգի ընթանում է քաղաքացիների քվերակությունը»,-ընդգծեց վարչության պետը:
Ժամը 14:00-ի տվյալներով, Արարատի մարզում քվերակությանը մասնակցել է քաղաքացիների 30.46 տոկոսը, կամ 66 հազար 341 մարդ: Մարզում ընտրություններին ըստ ցուցակների կմասնակցի 216 հազար 413 մարդ, որոնք իրենց քվեարկությունը կանցկացնեն 153 ընտրատեղամասերում:
«Ամեն բան արվում է, որպեսզի քաղաքացիների սպասարկումն իրականացվի հավուր պատշաճի, եւ ապահովվեն արդար ընտրություններ»,-»Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 16-րդ ընտրատեղամասի նախագահ Մայիս Ղազարյանը:
Դեկտեմբերի 6-ին մարզի հինգ համայնքներում` Արեւշատում, Դվինում, Մրգավետում, Շահումյանում եւ Ռանչպարում, պետք է անցկացվեին համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնք տեղափոխվել են 2016 թվականի ապրիլը:
Լիլիթ Մաճկալյան