Անձնագրերի և վիզաների վարչությունը հանրաքվեի քվեարկության վերաբերյալ ստացել է 39 ահազանգ
ОбществоՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը ժամը 22:00-ի դրությամբ ստացել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քվեարկության վերաբերյալ 39 ահազանգ: Տվյալները ԿԸՀ-ում լրագրողների հետ հանդիպմանը հրապարակեց ՀՀ ոստիկանապետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը: «Դրանցից 37- ը կրել են տեղեկատվական բնույթ: Դրանց վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ»,- ընդգծեց Հակոբյանը:
Քաղաքացիներից մեկն ահազանգել է, որ իր քույրը մահացած է, սակայն նրա անունը կա ընտրացուցակում: Ստուգման արդյունքում պարզվել է, որ քաղաքացու քույրը մահացել է արտերկրում և մահվան վկայականը ներկայացված չի եղել, կատարվել են համապատասխան փոփոխություններ:
Եվս մեկ ահազանգ վերաբերել է նրան, որ բնակարանում հաշվառված են մնացել նախկին սեփականատերերը: «Այսինքն, տունը վաճառելուց հետո դուրս նրանք հաշվառումից դուրս չեն եկել, իսկ նոր սեփականատերը, ով ահազանգել է, չի տիրապետել, որ ինքը պետք է ներկայացնի համապատասխան դիմում՝ նախկին սեփականատիրոջը հաշվառումից հանելու համար»,- եզրափակեց Հակոբյանը: