Կաթողիկոսն ընդունել է ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին
ОбществоՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 7-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովին` ուղեկցությամբ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթ ոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանն Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձել է պատմականորեն հայ և ռուս ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական ջերմ ու գործակցային կապերին, վստահություն հայտնել, որ դրանք առավել կընդլայնվեն ու կամրապնդվեն` ընդգրկելով նորանոր ոլորտներ:
Իր հերթին Վլադիմիր Չուրովը, խոսելով երկու ժողովուրդների` դարերի խորքից եկող բարեկամության մասին, ընդգծել է նաև միջմշակութային համագործակցության առավել խորացման անհրաժեշտությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել միջեկեղեցական հարաբերություններին, նաև ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: