Արարատի մարզում հանրաքվեն անցել է հանգիստ եւ առանց միջադեպերի
ОбществоՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին Արարատի մարզում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից դրական է քվեարկել 112 հազար 858-ը, որից 33 հազար 770-ը` Մասիսի, 43 հազար 878-ը` Արարատի եւ 35 հազար 210-ը` Արտաշատի տարածաշրջանում:
Թիվ 16, 17 եւ 18 ընտրատարածքային հանձնաժողովների նախագահների տվյալներով, նախատեսված փոփոխություններին դեմ են արտահայտվել 28 հազար 532 քաղաքացիներ, կամ ընդհանուր ընտրողների 19,70 տոկոսը: Անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 3312, անճշտությունները 96 են: Ամենից շատ անճշտություններ գրանցվել են Մասիսի տարածաշրջանում` 87: Արտաշատի եւ Արարատի տարածաշրջաններում գրանցվել է համապատասխանաբար` ութ եւ մեկ անճշտություն:
Ընտրատարածքային հանձնաժողովների երեք նախագահներն էլ նշեցին, որ հանրաքվեն անցել է հանգիստ, առանց միջադեպերի, չի գրանցվել ոչ մի դիմում-բողոք:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թիվ 17-րդ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանն ասաց, որ գրանցամատյաններում արձանագրված ոչ մի օրենքի խախտում չկա, չկա նաեւ ոչ մի գրավոր դիմում-բողոք: «Եթե վերահաշվարկ կատարելու անհրաժեշտություն չառաջանա, եւ եթե մինչեւ ժամը 18:00-ն որեւէ բողոք չլինի, այս տվյալները կարելի է համարել վերջնական»,-ընդգծեց նա:
Արարատի մարզում հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ 217 հազար 792 քաղաքացի. մասնակցել է միայն 66,50 տոկոսը: Քաղաքացիներն իրենց ընտրությունը կատարել են 153 ընտրատեղամասերում: Մասիսի տարածաշրջանը եւ Արտաշատի տարածաշրջանի ութ գյուղ սպասարկող թիվ 16-րդ ընտրատարածքում ընդգրկված է 51 ընտրատեղամաս, Արտաշատի տարածաշրջանը սպասարկող թիվ 17-րդ ընտրատարածքում` 48, եւ թիվ 18-րդ ընտրատարածքում` 54: Վերջինս սպասարկում է Արարատ եւ Վեդի քաղաքային համայնքներն իր գյուղերով, եւ եւս երկու գյուղ` Այգեզարդը եւ Քաղցրաշենը` Արտաշատի տարածաշրջանից:
Լիլիթ Մաճկալյան