Երկրաշարժի հետեւանքով առանձնատներ կորցրած ընտանիքների թիվը Սպիտակում հասնում է 600-ի
ОбществоՍպիտակի երկրաշարժից հետո գրեթե 100 տոկոսով ավերված քաղաքում վերկանգնվում են բնակֆոնդը, բնակմակերեսները և արտադրական տարածքները:
Այս մասին ասաց Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը:
«Բազմաբնակարան շենքերի շինարարությունը մասամբ ավարտված է, մոտ 100 բնակարանի հարց է մնում, որպեսզի լուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների խնդիրը: 220 բնակարան պետական ծրագրով արդեն հանձնվել է»,- ասաց քաղաքապետը:
Սահակյանը նշեց, որ բացի բազմաբնակարան շենքերից, կան ընտանիքներ, որոնք կորցրել են առանձնատներ, նրանց թիվը հասնում է մոտ 600-ի: Ընտանիքներին ժամանակին տրվել է փոխհատուցում այն ժամանակվա ռուսական ռուբլով, որը, ցավոք, արժեզրկվեց, և շատերը չկարողացան այն օգտագործել: ՀՀ Կառավարությունում քննարկվում է նրանց որևէ կերպ փոխահատուցում տալու հարցը:
Սպիտակի ահեղ երկրաշարժն ուղիղ 27 տարի առաջ խախտեց Հայաստան աշխարհի անդորրը: 1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետեւանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։