Սպիտակում բացվեց երկրաշարժից հետո Հայաստանին օգնություն ցուցաբերած զինվորներին նվիրված հուշարձանը
ОбществоԻ պատիվ և շնորհակալություն Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանին իրենց օգնությունը ցուցաբերած Սովետական միության զինվորների, դեկտեմբերի 7-ին Սպիտակ քաղաքի «Սպիտակի հուշահամալիր»-ի տարածքում բացվեց ռուս փրկարարներին նվիրված հուշարձանը: Հուշարձանը միջոց է շնորհակալություն հայտնելու նրանց, ովքեր փրկել են երկրաշարժից տուժածներին:
Նման դիտարկում արեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Որքան էլ Սպիտակի երկրաշարժից ժամանակ անցնի, մեզ համար այս օրը սգո օր է, քանի որ մենք սգում ենք այն մարդկանց համար ովքեր անմեղ նահատակվեցին: Միևնույն ժամանակ մենք չենք կարող մոռանալ այն ձեռքերը, որոնք մեկնվեցին հայ ժողովրդին` օգնության ձևով»,- ասաց նախարարը:
Նախարարը նշեց, որ հուշարձանի կառուցման ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվել է Ռուսաստանի կողմից և շնորհակալություն հայտնեց ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն, գործընթացի դժվարությունն իր ուսերին վերցնելու համար: Հուշարձանի կառուցումը միայն սկիզբն է, տարածքում մի ամբողջ համալիր է կառուցվելու:
«Երկրաշարժի հետևանքով տուժածներին առաջին օգնությունը ցուցաբերեցին նաև սովետական զինվորները, այդ պատճառով էլ մենք որոշեցինք բացել հուշարձան՝ նվիրված այն զինվորներին, ովքեր առաջիններից էին, որ եկան օգնության: Երբ առաջացավ այս հուշարձանի կառուցման գաղափարը, մեծ թվով մարդիկ միացան դրան` Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ, ինչը խոսում է, այն մասին թե ինչպես է ՌԴ-ն միշտ եղել և մնում Հայաստանի կողքին»,- ասաց ՌԴ մշակույթի նախարարի քարտուղար Գրիգորի Փիրումովը:
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը նշեց, որ հուշարձանը Հայաստանին նվիրել են ՌԴ-ից, ինչի համար սպիտակցիները երախտապարտ են: «Այսօր երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի, ինչպես նաև շնորհակալության օրն է այն մարդկանց, ովքեր չթողեցին, որ երկրաշարժից հետո շատ ընտանիքների ծուխը մարի, ովքեր իրականացրին, փրկարարակա և վերականգնողական աշխատանքներ»,- ասաց քաղաքապետը:
Սպիտակի ահեղ երկրաշարժն ուղիղ 27 տարի առաջ խախտեց Հայաստան աշխարհի անդորրը: 1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետեւանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։