Պարենային ապրանքները մեկ ակսում թանկացել են 1.7 տոկոսով
ЭкономикаԱյս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ Հայաստանում պարենային ապրանքների գների ընդհանուր մակարդակն աճել է 1.7 տոկոսով, ինչը մեծապես պայմանավորվել է ձվի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 2.8-27.5 տոկոս գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 5-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-27.5 տոկոս գնաճ, 6-ում՝ 5.1-0.1 տոկոս գնանկում, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում1 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 9.4 տոկոս գների նվազում, իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ` 27.5 տոկոս գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կանաչ պղպեղի՝ 64.9 տոկոս, կանաչ լոբու՝ 1.9 անգամ, վարունգի՝ 2 անգամ, լոլիկի՝ 2.1 անգամ, սմբուկի 2.4 անգամ գնաճով: 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սնկի գինն աճել է 1.4 տոկոսով, սխտորինը՝ 2.3 տոկոսով, կանաչ սոխինը` 3.3 տոկոսով, գազարինը՝ 6.0 տոկոսով, ճակնդեղինը՝ 7.8 տոկոսով, խառը կանաչեղենինը՝ 11.7 տոկոսով, գլուխ սոխինը՝ 15.3 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է ծաղկակաղամբի՝ 42 տոկոս, կաղամբի՝ 11.3 տոկոս, կարտոֆիլի` 4.7 տոկոս, բողկի 4 տոկոս գնանկում:
Հանրապետության դիտարկված բոլոր 11 քաղաքներում 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 14-34.2 տոկոսով, այդ թվում` գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյումրիում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նախորդ ամսվա համեմատ աճել են 28.5 տոկոսով:
Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ նվազել է 19.1 տոկոսով, իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 2.8 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր 11 քաղաքներում 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ձվի գինն աճել է 0.2-6.6 տոկոսով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գավառում: Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 2.6 տոկոսով:
2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է կաթնամթերքի, շաքարավազի, սուրճի, թեյի, կակաոյի 0.1-0.5 տոկոս գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 15.7 տոկոս, իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ` 5.1 տոկոս գնանկում: 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մանդարինի գինը նվազել է 29.7 տոկոսով, ընկույզի միջուկինը՝ 26.8 տոկոսով, արքայանարնջինը՝ 25.5 տոկոսով, նարնջինը` 13.6 տոկոսով, կիտրոնինը՝ 9.6 տոկոսով, նռանը՝ 4.1 տոկոսով, ադամաթզինը՝ 0.8 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է խնձորի՝ 4.2 տոկոս, խաղողի՝ 12.7 տոկոս, տանձի՝ 15.2 տոկոս, դեղձի 28.8 տոկոս գնաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր 11 քաղաքներում 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է մրգի 18.2-0.4 տոկոս գնանկում, այդ թվում` գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գավառում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 2.9 տոկոսով:
Մսամթերքի ապրանքախմբում 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 1.4 տոկոս, իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ` 1.2 տոկոս գնանկում: 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է խոզի, ոչխարի և տավարի մսերի, համապատասխանաբար, 7.4 տոկոս, 2.1 տոկոս և 1.3 տոկոս, բարձր տեսակի ապխտած երշիկի՝ 2.0 տոկոս, հավի բդի՝ 1.8 տոկոս, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ)՝ 1.7 տոկոս, աղացած մսի՝ 1.2 տոկոս, պելմենիի՝ 0.4 տոկոս, բաստուրմայի 0.3 տոկոս գնանկում: Դրան զուգընթաց, եփած և առաջին տեսակի կիսաապխտած երշիկների գներն աճել են 0.2 տոկոսով, նրբերշիկինը ՝ 0.3 տոկոսով, տավարի մսի պահածոյինը՝ 0.4 տոկոսով, թռչնամսինը՝ 0.7 տոկոսով, այլ մսեղենինը (խաշի պարագաներ)` 7.7 տոկոսով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է մսամթերքի 2.5-0.2 տոկոս գնանկում, այդ թվում` գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Արտաշատում: Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 1.3 տոկոսով:
Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 4.7 տոկոս, իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5 տոկոս գնանկում: Վերջինս հիմնականում այլ յուղերի (հալած յուղ)՝ 1.5 տոկոս, կարագի՝ 1 տոկոս, մարգարինի 0.7 տոկոս գնանկման արդյունք է:
2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է այլ մթերքի՝ 0.5 տոկոս, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.2 տոկոս, ձկնամթերքի՝ 0.1 տոկոս, հրուշակեղենի 0.1 տոկոս, գնանկում, իսկ հացամթերքի և ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: