Ադրբեջանական նավթն արագորեն էժանանում է
ЭкономикаՎրաստանի Սուփսա, Բաթում եւ Թուրքիայի Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող եւ համաշխարհային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելն այսօր 4,6 տոկոսով կամ 2,02 դոլարով էժանացել է: Դա պայմանավորված է այն բանով, որ «Նավթ արդյունահանող երկրների մջությունը»` OPEC-ը որոշել է չնվազեցնել նավթի արդյունահանման ծավալները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է report.az լրատվական կայքը` նշելով, որ ներկայում Azeri LT CIF տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց հասել է 41,87 դոլարի:
Azeri LT CIF տեսակի նավթի նվազագույն գինը` մեկ բարելի դիմաց 19,15 դոլար գրանցվել է 2001 թվականի դեկտեմբերին, իսկ առավելագույն գինը` 149,66 դոլար 2008 թվականի հուլիսին:
Ներկա դրությամբ` համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 40,73 դոլար, WTI նավթի մեկ բարելը` 37,65 դոլար:
«Ազադլըգ» թերթը` հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային ծառայության զեկույցին հայտնել էր, որ անցյալ տարվանից սկսված նավթի էժանացման արդյունքում Ադրբեջանի նավթային եկամուտները մոտ 9 մլրդ դոլարով նվազել են:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` Ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին:
Ադրբեջանի բյուջեն դեֆիցիտային է դարձել: 2016 թվականի բյուջեն անցյալ տարվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել: Ադրբեջանի՝ 2016 թվականի պետբյուջեի մաիսն օրենքի համաձայն, որն արդեն վարերացվել է երկրի ղեկավարի կողմից, պետբյուջեի եկամուտները կանխատեսվել են 14,566 մլրդ մանաթի չափով, ծախսերը` 16,264 մլրդ մանաթի չափով: Պետբյուջեի դեֆիցիտը կազմում է մոտ 1,7 մլրդ մանաթ: Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի դիմաց հաշվարկվել է 50 դոլար:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 48 դոլարով ցածր է: