ԻԼԻՊ-ի դեմ պայքարը ձեռնտու չէ ՆԱՏՕ-ին
АналитикаՎերջին շրջանում Թուրքիայի իշխանությունների բոլոր քայլերը կարծես թե միտումնավոր ուղղված էին բոլոր հարևանների հետ հարաբերությունները վատացնելուն՝ նույնիսկ հաշվի չառնելով, որ պետության ներսում արդեն իսկ պատերազմական և պայթյունավտանգ վիճակ է՝ քրդերի հետ կապված:
Եվ, ահա, միշտ հարց էր առաջանում, թե ում վրա են հույս դրել Թուրքիայի իշխանությունները: Պատասխանն էլ հիմնականում վերաբերում էր ՆԱՏՕ-ին, որի անդամն է հանդիսանում Թուրքիան, և որը մինչ օրս դեռ զսպում էր իրենց:
Սակայն երեկ արդեն ամեն ինչ պարզ դարձավ, երբ տեղեկություն հրապարակվեց, որ ՆԱՏՕ-ի օդուժը հարված է հասցրել սիրիական բանակի դիրքերին Դեր-Զորում: Արդյունքում սիրիական կողմից կան զոհեր և վիրավորներ:
Ահա և ՆԱՏՕ-ի բացահայտ դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարի հարցում: Այս կառույցը, փաստորեն, դեմ է Ռուսաստանի՝ ահաբեկչության դեմ պայքարին, ասել է, թե՝ դեմ է ընդհանրապես ահաբեկչության դեմ պայքարին, որովհետև հարված է հասցնում հենց հիմնական պայքարողին՝ Ասադի զորքերին:
Իհարկե, ՆԱՏՕ-ն այստեղ, հավանաբար, նաև խորամանկություն է դրսևորել և պատահական չէ, որ հարվածը հասցվել է հենց Դեր-Զորի ուղղությամբ, որովհետև Սիրիայի այդ շրջանը հիմնականում ԻԼԻՊ-ի գրոհայինների վերահսկողության տակ է, և հիմա ՆԱՏՕ-ն կարող է արդարանալ, թե իրենք ուզում էին ԻՊ գրոհայիններին հարվածել, սակայն ոչ դիտավորությամբ հարվածը հասել է Սիրիայի բանակի դիրքերին:
Սակայն ծանոթ լինելով Արևմուտքի նենգ գործելաոճին՝ միջազգային հանրության համար արդեն ամեն ինչ պարզ կլինի, քանի որ շատերը գիտեն, թե ինչպես է նման դեպքերում ՆԱՏՕ-ն «պատահմամբ սխալվում» (հիշենք, օրինակ, Բելգրադում Չինաստանի դեսպանատան իբրև թե «պատահական» ռմբակոծումը ՆԱՏՕ-ի կողմից):
Եզրահանգումը շատ պարզ է. Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարը ձեռնտու չէ Թուրքիային և ՆԱՏՕ-ին: Եթե ձեռնտու չէ, ապա ԻԼԻՊ-ի գոյությունն իրենց համար, ընդհակառակը, ձեռնտու է: Ինչո՞ւ. որովհետև համագործակցում են:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան