ԵՆԲ-ն հետաքրքրված է արևային էներգիայի ոլորտում Հայաստանում ծրագրերի իրականացմամբ
ЭкономикаԼյուքսեմբուրգում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը դեկտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) նախագահ Վերներ Հոյերի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են ԵՆԲ Հարևանության երկրներում վարկային գործողություններիրի դեպարտամենտի տնօրեն Հեյնց Օլբերսը, վարկային գործակալ Վիոլայն Սիլվեստրան, նախագահի խորհրդական Ալեքսանդրա Կոստանտինեսկոն և Եվրամիությունում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ներկա ընթացքը, ինչպես նաև զարգացման հեռանկարները։ ԵՆԲ նախագահն ընդգծել է Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերում ԵՆԲ-ի մասնակցության նշանակալի առաջընթացը։ Խոսելով Իրանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների մասին` Վերներ Հոյերն այս առումով կարևորել է Հայաստանը որպես համագործակցության հարթակ` ԵՆԲ-ի կողմից իրականացվող ծրագրերի ընդլայնման համար։ Քննարկվել է նաև Հայաստանի` որպես ԵԱՏՄ շրջանակներում համագործակզության հարթակի, հնարավորությունների ձևաչափը։
Վերներ Հոյերն անդրադարձել է ԵՄ-Չինաստան համագործակցությանը և այս համատեքստում «Մեծ մետաքսի ճանապարհ» ծրագրում Հայաստանի ներգրավվածության և համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորություններին։ Ի պատասխան Կարեն Ճշմարիտյանն ընդգծել է, որ Հայաստանը ներգրավված է պատմական «Մետաքսի ճանապարհ ծրագրում» և պատրաստ է քննարկել հնարավոր առաջարկները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը, կարևորելով Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, նշել է, որ կարելի է խորացնել համագործակցությունը` ներգրավելով ԵՆԲ-ին ՓՄՁ աջակցության և ոլորտային ծրագրերում։ Այս համատեքստում կողմերը քննարկել են Հայաստանում գինեգործության զարգացմանն ուղղված համատեղ ծրագրի իրականացման հնարավորությունները՝ հիմք ընդունելով ԵՆԲ փորձը Մոլդովայում: ԵՆԲ նախագահը նշել է, որ բանկը կարևորում է ՓՄՁ զարգացմանն ուղղված ԱՊԵՔՍ վարկային ծրագրի իրականացումը Հայաստանում և վերահաստատել ԵՆԲ-ի պատրաստակամությունը ծրագրի արդյունավետ իրականացման հարցում:
Քննարկվել են նաև վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես, արևային էներգիայի բնագավառում ԵՆԲ կողմից Հայաստանում համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրել է Վերներ Հոյերին, որ վերջերս Լիտվա կատարած այցի շրջանակում այցելել է արևային մարտկոցների ու բարձր արդյունավետությամբ վահանակների արտադրությամբ աշխարհում հայտնի Global BOD Group ընկերություն, որի հետ հայկական Simartek ընկերությունը ստորագրել է արևային էներգետիկայի բնագավառում համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր։ ԵՆԲ նախագահը ն շել է, որ բանկը հետաքրքրված է այդ բնագավառում ծրագրերի իրականացմամբ: Կողմերը պայմանավորվել են քննարկել բանկի մասնակցության հնարավորությունները նշված համագործակցության մեջ։
Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նաև հետևյալ համաձայնությունները` ԵՆԲ օժանդակությամբ Հայաստանում իրականացնել գինեգործության զարգացման ծրագիր՝ օժանդակելով մասնավոր հատվածին, քննարկել ՓՄՁ աջակցությանն ուղղված համապատասխան ծրագրերի իրականացումը՝ ներգրավելով ՓՄՁ ԶԱԿ-ը, 2016 թվականի գարնանը Հայաստանում անցկացնել սեմինար՝ նվիրված ԵՆԲ գործիքներին և ԵՆԲ ներգրավվածության բարձրացմանը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում, ինչպես նաև մասնավար հատվածում իրականացվող ծրագրերում։