Ներքին Գետաշենում աշակերտների թվի աճով պայմանավորված` դպրոցի նոր մասնաշենքի կառուցման խնդիր է առաջացել
ОбществоԳեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում դպրոցի նոր մասնաշենք կառուցելու խնդիր է առաջացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Ջուլիետա Երեմյանը նշեց, որ կրթօջախը, որն ունի մոտ 400 տեղ եւ 860 աշակերտ, արդեն մի քանի տասնամյակ աշխատում է երկհերթ, բավականին խիտ ռեժիմով, իսկ աշակերտների թիվը տարեցտարի ավելանում է:
«Կիսվող առարկաներ ունենք, բայց համապատասխան քանակի դասասենյակները չեն բավարարում: Լաբորատոր պայմաններ չունենք, դասաժամերի անցկացման համար չի բավարարում մարզադահլիճը, չենք կարողանում ստեղծել ուսուցողական առանձին կաբինետներ:Դեռեւս ԽՍՀՄ տարիներին խնդիրը լուծելու նպատակով Ներքին Գետաշենում կառուցվեց մեկ այլ դպրոց` թիվ 2 միջնակարգը, որտեղ այս պահին սովորում է մոտ 500 աշակերտ: Բայց դպրոցական այդ շենքը գտնվում է գյուղի արեւմտյան եզրին, որի հեռավորությունը մյուս մասերից ու թաղերից կազմում է մի քանի կիլոմետր, եւ հաճախելիության հիմնական ծանրությունը մեզ վրա է ընկնում: Աշխատում ենք միշտ բեռնված, վեցօրյա աշխատանքային գրաֆիկով: Խնդիրը ներկայացրել ենք Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուշադրությանը»,-նշեց դպրոցի տնօրենը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանի տեղեկացմամբ` հարցը Գեղարքունիքի մարզպետի կողմից ներկայացվել է կառավարության քննարկմանը, եւ այն այժմ Քաղաքաշինության նախարարությունում անցնում է համապատասխան ընթացակարգեր:«Քաղաքաշինության նախարարության հետ քննարկում ենք նոր մասնաշենքի տեղի ընտրության տարբերակները: Հիմնական քննարկումը տեղի կունենա բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:Ամենայն հավանականությամբ, եկող տարում կավարտվեն նախագծման աշխատանքները, իսկ շինարարության ժամ կետների մասին այժմ ստույգ ոչինչ հայտնի չէ»,-նշեց վարչության պետը:
Դպրոցի շենքը կառուցվել է 1965 թվականին, 400 տեղով: Շենքը 2000-2010 թվականների ընթացքում նորոգումների է ենթարկվել պետական միջոցներով եւ տեղի բարերարի օգնությամբ:
Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գեւորգյանի հավաստմամբ` գյուղում տարեկան ծնվում է 150-170 երեխա, որը հանրապետության գյուղական բնակավայրերի մեջ ամենաբարձր ցուցանիշներից է:
Խոսրով Խլղաթյան