ԼՂՀ ֆինանսների նախարարը պատասխանել է 2016թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ պատգամավորների հարցերին
ЭкономикаԼՂՀ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 9-ին կայացած համատեղ նիստում, որը վարում էր խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը, քննարկվել է «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, խմբակցության անդամների` ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանին առաջադրած հարցերը քաղպաշտպանության, տնտեսության, բյուջետային քաղաքականության և մշակույթի ոլորտներից էին:
Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստը, որը վարում էր խմբակցության քարտուղար Ալյոշա Գաբրիելյանը:
Քննարկվող թեման կրկին «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն էր:
Հուշարձանների պահպանության, ջրամատակարարման, երիտասարդ ընտանիքների վարկավորման, հանքարդյունաբերության և այլ բնագավառների վերաբերյալ էին խմբակցության անդամների` ֆինանսների նախարարին ուղղած հարցերը:
«ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի մասին խմբակցություններում քննարկումները եզրափակվեցին «Վերածնունդ» խմբակցության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստով, որը վարում էր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը:
Պատգամավորի առաջադրած հարցերը վերաբերում էին տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորմանը, առողջապահության ու մշակույթի ոլորտներին:
«ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախնական քննարկումը կեզրափակվի դեկտեմբերի 11-ին` ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: