Մարդիկ ակնհայտորեն խառնում են ընդդիմադիր պայքարը հակապետական գործունեության հետ
АналитикаԵթե դու դեմ ես քո երկրում անարդարությունների դեմ և ուզում ես դրանց դեմ «պայքարել», ապա անպայման պետք է այդ մասին հարցազրույց տաս թշնամի պետությանդ լրատվամիջոցներին:
Դրանով դու ավելի կապացուցես, որ իսկապես պատկանում ես «արդարամիտ» ու «պայքարող» տեսակին. սա այն անադեկվատության աստիճանն է, որը, ցավոք արդեն առկա է մեր հասարակության որոշ շրջանակներում: Եվ այս մառազմը իր համակիրներն ունի:
Օրինակ, նույն այս թշնամասեր գաղափարախոսության կարկառուն ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանն արդեն երրորդ անգամ է՝ հարցազրույց է տալիս ադրբեջանական Haqqin.az կայքին, հենց այն օրերին, երբ Ադրբեջանն ամեն գիշեր դիվերսիոն փորձեր է անում և հարվածներ հասցնում մեր դիրքերին, ինչի հետևանքով մենք ունենում ենք զոհեր, վիրավորներ: Այս հանգամանքը բնավ չի խանգարում Խզմալյանին՝ Ադրբեջանում իր ռեյտինգը բարձրացնելու գործում, ավելին՝ նա հպարտությամբ այդ մասին հայտարարում է իր ֆեյսբուքյան էջում:
Այն, որ Խզմալյանը «Haqqin.az-ի վկա» է, արդեն նորություն չէ և նույնիսկ չի էլ զարմացնում ու զայրացնում: Չի զարմացնում ու զայրացնում նաև այն, որ «հումանիզմի ջահակիրը» իր ցավակցությունն է հայտնել Ադրբեջանին՝ նավթահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի համար: Դա էլ էր սպասելի: Ցավալին այն է, որ նրա և նրա նման մտածողների այսպիսի քայլերը հավանում ու քաջալերում են տասնյակ մարդիկ` դա համարելով նորմալ երևույթ: Մարդիկ ակնհայտորեն խառնում են ընդդիմադիր պայքարը հակապետական, հակահայկական գործունեության հետ:
Մարդկանց մեկ այլ խումբ էլ դրա նախորդ օրը բավականին վրդովված էր այն հանգամանքից, որ մեր զինված ուժերը պատասխան գործողություն են իրականացրել ադրբեջանցիների հանդեպ, և այդ մասին համապատասխան լրատվություն և տեսանյութեր են հրապարակվել: Եվ սա նույնպես գրեթե պատերազմական իրավիճակում:
Մեր հասարակության մի մասի հետ իրոք ինչ-որ բան այն չէ, կամ էլ ոմանք շատ լավ քարոզչական աշխատանքներ են տանում և համապատասխան տրամադրություններ ձևավորում որոշ մարդկանց մոտ: Իսկ նման աշխատանքները անվճար չեն արվում, ինչպես նաև ադրբեջանական լրատվամիջոցներում պարբերաբար Հայաստանից բողոքելն ու խնդիրները ներկայացնելը նույնպես, որպես կանոն, անվճար չի արվում:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան