Ադրբեջանում ամուսնանալ ցանկացող 5034 մարդ տալասեմիայի կրողներ են
ОбществоԱյս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Ադրբեջանում ամուսնանալ ցանկացող 75 հազար մարդկանց բժշկական հետազոտության ժամանակ հայտնաբերվել են տալասեմիայի (արյան հիվանդություն) 5034 կրողներ, 57 ՄԻԱՎ վարակակիրներ եւ 183 սիֆիլիսով հիվանդներ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ադրբեջանի արյունաբանության եւ արյան փոխներարկման կլինիկական ինստիտուտի տնօրեն Զոհրա Էյվազովան:
Նա զույգերին կոչ է արել ամուսնանալուց առաջ լրջորեն մտածել. «Երկու կրողների ամուսնանալու դեպքում տալասեմիայով հիվանդ երեխա ծնվելու հավանականությունը խիստ մեծ է: Մեր գործը հիվանդությունը հայտնաբերելն է, եւ նման հիվանդություն ունեցող երիտասարդներին չամուսնանալու կամ երեխա չունենալու մասին խորհուրդ տալն է», -ասել է նա:
Ինստիտուտի տվյալներով` 2015 թվականի միայն վերջին երկու ամիսներին 34 հազար ամուսնանալ ցանկացողների պարտադիր բժշկական քննության անցկացնելու ժամանակ 3300 զույգի մոտ տալասեմիա կամ հեմոֆիլիա (արյան անմակարդելիություն) անբուժելի հիվանդություններ են հայտնաբերվել:
Արյան հիշյալ հիվանդությունները Ադրբեջանում խիստ տարածված` հարազատական ամուսնությունների բացասական հետեւանքներից մեկն են: Ադրբեջանցի պրոֆեսոր Էլխան Ռասուլովի համաձայն` Ադրբեջանում արյունով հարազատական ամուսնությունների հաճախականությունը կազմում է 18-19 տոկոս, ինչի արդյունքում, նման ընտանիքներում ծնված երեխաները տառապում են տարբեր անբուժելի հիվանդություններով: Մասնավորապես, Ադրբեջանի բնակչության մոտ 8 տոկոսը տալասեմիայի կրողներ են:
Ադրբեջանի արյունաբանության եւ արյան փոխներարկման կլինիկական ինստիտուտի գլխավոր բժիշկ Իսքանդեր Բագիրովի տվյալներով` Ադրբեջանում մոտ 800 հազար մարդ տալասեմիայի պոտենցիալ կրողներ են: Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Խադը Ռաջաբլին իր հերթին նշում է, որ Ադրբեջանում ամեն տարի տալասեմիայով հիվանդ 200, հեմոֆիլիայով հիվանդ 300 երեխաներ են ծնվում:
Տալասեմիայով, հեմոֆիլիայով եւ այլ գենետիկ հիվանդություններով հիվանդների սպառնացող աճը կանգնեցնելու նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2014 թվականին օրենք է ստորագրել, որի համաձայն, ամուսնանալ ցանկացող անձինք պարտավոր են բժշկական քննություն անցնել:
Նոյեմբերի 17-ին Բաքվում տալասեմիայով հիվանդները Ազգային տալասեմիայի կենտրոնի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել` փակելով Ֆաթալի խան Խոյսկի փողոցը, որպեսզի պետկան մարմինների կողմից չլուծվող իրենց խնդիրները հասցնեն հասարակության ուշադրությանը: Հիվանդները բողոքել են, որ կենտրոնն իրենց բավարար չափով արյամբ չի ապահովում, ինչի պատճառով ամեն տարի 10-ից ավելի երիտասարդ մահանում է: