Վերազինումից հետո Սունդուկյանի անվան թատրոնը կունենա ժամանակակից բեմ եւ հարմարավետ պայմաններ
КультураԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերազինման արդյունքում անցած դարի վաթսունական թվականներից ժառանգած բեմական համակարգի և դահլիճի հնամաշ նստարանների փոխարեն կունենա ժամանակակից բեմ, իսկ հանդիսատեսն առավել հարմարավետ պայմաններում կդիտի մայր թատրոնի ներկայացումները:Այս մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը:
«Թատրոնը 1965-ին հանձնվել էր շահագործման եւ այդ ժամանակվանից ի վեր չէր վերազինվել: Ընդամենը Լինսի հիմնադրամի ֆինանսավորման շրջանակներում 2002-2003թթ. պաստառներն էին փոփոխվել, իսկ բեմահարթակի տախտակամածը սխալ փոփոխությունը դերասանների համար մեծ խնդիրներ էր առաջացնում: Մեկնարկած աշխատանքները նախատեսում են նաև թատրոնի ձայնային, լուսային և բեմական տեխնիկայի փոփոխությունը, նաև փոփոխվելու են 935 նստատեղերը, դահլիճի հատակը: Արդիականացված բեմը լայն հնարավորություններ ընձեռնի նոր ներկայացումներ բեմադրելիս»,- ասաց Ստեփան Դավթյանը:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը նշեց, որ սեպտեմբերին մեկնարկած աշխատանքների շրջանակներում փոխվելու է բեմի մեխանիզացիան, լուսային սոֆիտները, կետային վերելքը, հակահրդեհային վարագույրի համակարգը, ամբողջությամբ նորացվելու է լուսային ղեկավարման համակարգը:
«Նման վերազինման աշխատանքների ավարտից հետո առաջանում է վերանորոգման խնդիր: Երկրի Նախագահի և մշակույթի նախարարի միջնորդության շնորհիվ հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված է 20 միլիոն դրամ՝ թատրոնում կոսմետիկ աշխատանքների իրականացման համար», - նշեց Ստեփան Դավթյանը:
Թատրոնի տնօրենը հավելեց, որ հակահրդեհային համակարգի և այլ տեխնիկական լուծումների արդյունքում նախկին 935 ոչ այդքան հարմարավետ և չափազանց խիտ տեղակայված նստարանները կփոխարինվեն մոտ 830-ով: Ի դեպ, հին նստատեղերը բաժանվել են Նոյեմբերյանի կուլտուրայի տանը, Աշտարակի երաժշտական դպրոցին, Գյումրու և Գորիսի թատրոններին:
Սունդուկյանի անվան թատրոնի համերգասրահի վերազինման աշխատանքները իրականացրել է «Վագներ-Բիրո Ավստրիա սթեյջ սիսթեմս ԷյՋի», «Էլեկտրիկ Թիեթր քոնթրոլա Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» ընկերությունների կողմից: Մշակույթի նախարարության կառավարման բաժնի պետ Աշոտ Կյուրեղյանը տեղեկացրեց, որ վերազինման համար ավստրիական կառավարության կողմից տրված անտոկոս վարկը կազմել էր 7 միլիոն եվրո, իսկ աշխատանքների ավարտից 4 տարվա ընթացքում սկսվելու է վարկի մարումը՝ 13 տարվա ընթացքում: