Երիտասարդը գողացված պլաստիկ քարտով փորձել է գումար կանխիկացնել
ОбществоԵրևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու համար երթուղային ավտոբուսում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015 թվականի հուլիսի 9-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսի մեջ հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և այցեքարտեր, որի հետևանքով վերջինիս պատճառվել է գույքային վնաս:
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությամբ պարզվել է, որ գողացված քարտերից մեկով նույն օրը Սեբաստիա փողոցում գտնվող բանկոմատից փորձ է կատարվել գումար կանխիկացնել: Բանկից վարույթն իրականացնող մարմնին էր ներկայացվել բանկոմատի վրա տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ ժամին կատարված տեսագրությունները: Բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը 2015 թվականի նոյեմբերի 24-ին տարածել է բանկի կողմից տրամադրված տեսագրության մեջ պատկերված երիտասարդի լուսանկարները՝ պարզելու համար նրա ինքնությունը և դեպքի հանգամանքները։
Տեսագրության տարածումից հետո երիտասարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և հերքել իր առնչությունը կատարված գողությանը։ Կատարված քննությամբ հիմնավորվել է, որ իրապես երիտասարդը որևէ առնչություն չունի ո՛չ կատարված գողության և ո՛չ էլ գողացված քարտով գումար կանխիկացնելու փորձի հետ։
Նա տվյալ բանկոմատից կատարել է գործարք, կանխիկացրել է գումար՝ իր ընտանիքին պատկանող քարտով։
Բազմակողմանի քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ բանկից նախաքննական մարմնին տրամադրվել է այլ քարտի գործարքի հետ կապված տեսագրություն՝ տեխնիկական խոտանի (բանկոմատի և տեսագրող սարքի ժամերի անհամապատասխանություն) պատճառով, ինչի կապակցությամբ հայցում ենք տվյալ տեսանյութում պատկերված անձի ներողամտությունը:
Բանկից տրամադրվել է նոր՝ համապատասխան տեսագրությունը: ՀՀ քննչական կոմիտեից խնդրում են լուսանկարում պատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ` ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: