Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը հաջորդ թատերաշրջանը կբացի միանգամից 4 նոր պրեմիերաներով
КультураԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հաջորդ թատերաշրջանը՝ արդեն արդիականացված բեմում, կբացի չորս նոր ներկայացումներով: Այս մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը:
«Ինչպես և 1922թ., հաջորդ թատերաշրջանը նույնպես կբացվի «Պեպո»-ով: Նոր լուծումներով նաև բեմ դուրս կգան «Մեծապատիվ մուրացկանները», Արցախյան պատերազմին նվիրված «Արծվաբույն» և «Պոլոզ Մուկուչ» կատակերգությունը: Այս չորս ներկայացումները ներկայումս նախապատրաստական ընթացքի մեջ են: Հաշվի առնելով թատրոնի վերազինման աշխատանքները՝ կարծում եմ, որ թատերաշրջանի բացումը տեղի կունենա հաջորդ տարի հոկտեմբերին»,- ասաց Ստեփան Դավթյանը:
Այսօր մայր թատրոնի խաղացանկում առկա է 29 ներկայացում: Թատրոնի վերազինումից հետո, տնօրենի հավաստմամբ, յուրաքանչյուր ներկայացմանը պետք է տալ բավական ժամանակ, որպեսզի բոլորը վերափոխվեն՝ ըստ նոր լույսի, ձայնի, բեմական համակարգի: