Հայաստանում վերջին 3 տարվա ընթացքում ծնվել է 240 սիրիահայ երեխա
ОбществоՀՀ սփյուռքի նախարարությունը վերջին երեք տարվա ընթացքում աշխատանքներ է կատարել Հայաստան ժամանած սիրիահայ ընտանիքների աջակցության եւ պաշտպանության հարցում:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն ասաց, որ այս ընթացքում Հայաստան է այցելել շուրջ 17.000 հայ, նրանցից 16.000-ը մշտական բնակություն են հաստատել իրենց պատմական հայրենիքում: Երեք տարվա ընթացքում ավելի քան 2200 սիրիահայ է դիմել աշխատանքի ապահովման հարցով: Նրանցից 1200-ի պահանջը բավարարվել է: «500 սիրիահայ բիզնեսի ոլորտում կարողացել է կայանալ, իսկ 2200 ընտանիքի բնակարանային վարձը հոգում է պետությունը»,- ասաց Ֆիրդուս Զաքարյանը` հավելելով, որ Հայաստան եկած սիրիահայերին տրամադրվել է նաեւ կրթական եւ առողջապահական օգնություն: Երեք տարվա ընթացքում անվճար բուժօգնություն է ստացել 3000 սիրիահայ: Միայն 400 սիրիահայ անվճար բուժհետազոտություն է անցել այս տարի:
«Այս երեք տարիների ընթացքում Հայաստանում մահացել է 110 սիրիահայ: Պետությունը հոգացել է նրանց հոգեհանգստի եւ հուղարկավորության հետ կապված ծախսերը: Բարեբախտաբար ուրախ առիթներ նույնպես եղել են: 2012-2015թթ Հայաստանում 240 սիրիահայ երեխա է ծնվել»,- ասաց Ֆիրդուս Զաքարյանը: