Հերթական անգամ խաբեցին ժողովրդին
АналитикаՁմեռը իր գալով օգնեց բացահայտել ևս մեկ սուտ: Բնակիչներից ովքեր արդեն մուծել են էլեկտրաէներգիայի վարձերը, նկատած կլինեն, որ, հիմնականում, ընդհանուր գումարը հաշվված է 49 դրամով, այլ ոչ թե 42, այսինքն՝ խոստացված սուբսիդավորումը չկա:
Իրականում այն իբրև թե կա, սակայն մի այսպիսի խորամանկությամբ՝ եթե դուք ամսական ծախսում եք 250կվ/ժ-ից ավելի էլեկտրաէներգիա, ապա մեկ կիլովատի համար վճարում եք 49 դրամ, այսինքն՝ սուբսիդավորում չի լինում: Բոլորին էլ հայտնի է, որ ձմռան ամիսներին էլեկտրաէներգիա ամենքիչը կրկնակի է ծախսվում, քան տարվա մնացած ամիսներին, քանի որ Հայաստանի բնակիչները հիմնականում իրենց տները ջեռուցում են էլեկտրական սարքավորումներով: Եվ եթե մարդը ուզում է պարզապես իր տան մեջ չմրսել, գործնականորեն անհնար է, որ նա ամսական ծախսի 250կվ/ժ-ից քիչ էլեկտրաէներգիա: Ստացվում է, որ ձմռան ամիսներին ոչ մի սուբսիդավորում էլ չի լինում:
Կառավարությունը դժվար թե այսքանը հաշվարկած չլիներ, և ի՞նչ է ստացվում արդյունքում. պարզապես խաբել են ժողովրդին, խաբել են հերթական անգամ: Հարուստ խավին հանած՝ մնացած բոլոր քաղաքացիների համար ամենադժվար ու ծախսատար ամիսները հենց ձմռան ամիսներն են, և այդքանը հասկանալով հանդերձ՝ մեր իշխանություններն էլ ավելի ծախսատար են դարձնում այդ ամիսները:
Հետո էլ վրդովվում են, թե ժողովուրդը բողոքում է, ժողովուրդը չի ուզում տեսնել լավը, ժողովուրդը չի ուզում ծանոթանալ իրենց լավ նախաձեռնություններին, ժողովուրդն իրենց չի սիրում:
Այս ամենը բացառելու համար նախ պետք է դուրս գալ ժողովրդի գրպանից և ամեն ջանք չգործադրել ժողովրդի կյանքը էլ ավելի դժվարացնելու համար, հակառակ դեպքում իշխանություններն իրենց հանդեպ դրական վերաբերմունք անիմաստ են ակնկալում:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան