Լիբանանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Ցեղասպանությունից փրկված որբերին նվիրված թանգարան
ОбществоԼիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Լիբանանում հավատարմագրված դեսպանների այցելությունը Ջբեյլի «Թռչնոց բույն» հաստատության տարածքում գտնվող «Արամ Բեզիկյանի» անվան թանգարան՝ նվիրված Հայոց ցեղասպանությունից փրկված և վերոնշյալ հաստատությունում ապաստան գտած որբերի հիշատակին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարու թյան մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հյուրերը ծաղիկներ են զետեղել դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի շիրիմին:
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, մասնավորապես, նշել է, որ այցելությունը տեղի է ունենում Մարդու իրավունքների միջազգային օրը, իսկ նախօրեին՝ դեկտեմբերի 9-ին, առաջին անգամ միջազգային հանրությունը պաշտոնապես նշել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Նա հավելել է, որ վերջինս Հայաստանի նախաձեռնությունն էր, որի արդյունքում սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի ԳԱ 69-րդ նստաշրջանի ընթացքում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի ներկայացրած համապատասխան բանաձևը՝ ուղղված ցեղասպանության ոճրի դեմ միջազգային գործողությունների խթանմանն ու համախմբմանը:
Դեսպանը ընդգծել է, որ ընթացիկ տարվա ընթացքում առաջադեմ մարդկությունն իր համերաշխությունն ու աջակցությունը հայտնեց հայ ժողովրդին, որը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա նշել է, որ այս տարի նշվում են նաև Օսվենցիմի ազատագրման 70-րդ, Կամբոջայի ցեղասպանության 40-րդ, ինչպես նաև Պոնտոսի հույների, ասորիների և Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունների տարելիցները: Դեսպանի խոսքով, միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ Դաեշի, Ալ-Նուսրայի, այլ ահաբեկչական խմբավորումների կողմից գործած նմանատիպ հանցագործությունների հանդեպ:
Դեսպան Քոչարյանը թվարկել է այն հիմնական ուղղությունները, որոնց խորհուրդով ընթացիկ տարում ամբողջ աշխարում անցկացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ. դրանք են՝ հարգանքի տուրք նահատակների հիշատակին, երախտագիտություն Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին և միջազգային կառույցներին, միջազգային պայքար և վերածնունդ: Դեսպանը շեշտել է միասնականության և համերաշխության կարևորությունն ապագայում նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում:
Այնուհետև ներկաները շրջայց են կատարել հաստատության տարածքով, այցելել են թանգարան, որտեղ ցուցադրված են բազմաթիվ փաստագրական նյութեր Հայոց ցեղասպանության, որբանոցի հիմնադրման և Մարիա Յակոբսենի մարդասիրական գործունեության վերաբերյալ:
Միջոցառման շրջանակներում Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը ներկաներին փոխանցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ողջույնները և ներկայացրել է մանրամասներ «Թռչնոց բույն» հաստատության մասին:
Միջոցառմանը մասնակցել են Լիբանանի հայոց թեմի առաջնորդը, Բեյրութի դիվանագիտական կորպուսի ղեկավար, պապական նվիրակը, Լիբանանի ԱԳ և մշակույթի նախարարների ներկայացուցիչները, Լիբանանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, Բեյրութում հավատարմագրված երկրների դեսպաններ, Հայոց ցեղասպանության Լիբանանի կենտրոնական մարմնի ատենապետը: