Փակելու ենք Բաղրամյանը. «Տոնուս»-ից խաբվածները պահանջում են հանդիպել նախագահին
Տոնուս» ՍՊԸ-ի կողմից խաբված բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, վաղ առավոտից հավաքվել են Պռոշյան փողոցում գտնվող կառավարական առանձնատների մոտ՝ պահանջելով հանդիպում նախագահի հետ:
«Եթե այսօր մենք չհանդիպենք նախագահի հետ, գնալու ենք Բաղրամյան 26 ու փակելու են Բաղրամյանը»,- բղավեց բնակիչներից մեկը:
Ակցիայի մասնակիցները չորս տասնյակից ավելի են, ակցիան հսկում են մեկ տասնյակից ավելի ոստիկաններ, որոնց թիվը հետզհետե ավելանում է:NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները փորձել են մոտենալ կեցավայրի մուտքին, սակայն ոստիկանները նրանց հրել են դեպի մայթ՝ պատճառաբանելով, որ մուտքի մոտ կանգնել չի թույլատրվում:
Մայթին հավաքված բնակիչներին այժմ շրջապատել են պատ կազմած ոստիկանները, որոնք նրանց թույլ չեն տալիս մոտենալ կեցավայրի մուտքին:
Հիշեցնենք, որ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: