Վահան Բաբայանը՝ ԲՀԿ-ի՝ կոալիցիայի մաս կազմելու մասին
ИнтервьюԱյն, որ իշխանությունը նաեւ քաղաքական դաշտում է փորձում մենաշնորհ հաստատել, անհերքելի փաստ է: Օրերս լուրեր էին պտտվում այն մասին, որ շուտով ստեղծվելու է ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ կոալիցիան: Թե արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է կոալիցիայի մաս կազմել, Orer.am-ը ճշտեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանից:
«Նման հարց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում չի քննարկվել: Եթե նման քննարկում լինի, բնական է, որ դրա մասին մեր հայրենի լրագրողները կտեղեկանան:
Ինչպես գիտեք, պարոն Մելքումյանը նման առաջարկ արեց, որ իշխանական դաշտում պետք է լինի կոնսոլիդացիա, որպեսզի վստահությունը վերականգնվի եւ նոր ծրագրեր իրագործվեն: Բնական է, որ դա քաղաքական հայտարարություն էր եւ ես անձամբ ողջունում եմ այդ հայտարարությունը, սակայն ընդհանուր առմամբ դա ցանկություներով կամ ոչ ցանկություններով չի լինում:
Նման բաները տեղի են ունենում համատեղ ծրագրեր իրականացնելու ձգտումներից ու նպատակներից»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք ԲՀԿ անդամները քաղաքական հայտարարություններ են հնչեցնում առանց թիմի հետ համաձայնեցնելու, պատգամավորը պատասխանեց. «Մենք մեր տեսակետներն ենք հնչեցնում, սակայն որեւէ կոալիցիա կազմելու վերաբերյալ մեր պատգամավորները հայտարարություն չեն արել, պարզապես եղել են նմանատիպ հայտարարություններ, որոնք կարելի է բնորոշել նաեւ այդ մեկնաբանություններով:
Այլ հարց է, թե որքանով ենք մենք տեսնում դա նպատակահարմար կամ ինչքանով են են դա տեսնում իրատեսական այն ծրագրերի համար, որոնք մենք ենք առաջ քաշում: Բնական է, որ որեւէ քաղաքական ուժի համար կոալիցիա կազմելը չի կարող լինել ինքնանպատակ: Ես կարծում եմ՝ այս մասին խոսելուց առաջ պետք է լինեն քննարկումներ ու հարցեր, որոնց հետեւանքով կարելի կլինի այս հարցի շուրջ խոսել»:
«Կարծում եմ՝ կոալիցիա կազմելը պայմանավորված է քաղաքական իրողություններով, քաղաքական ուժերի վերադասավորման անհրաժեշտությամբ, երկրում տիրող մթնոլորտով եւ այն մարտահրավերներով, որոնք մեր առաջ են կանգնած լինելու առաջիկա տարիներին: Կարծում եմ՝ նման գործընթացների մասին խոսելը դեռ վաղ է»,- ասաց Վ.Բաբայանը:
Սոսե Չանդոյան