Կանացիության գլխավոր «զենքը». լուսանկարներ
LifestyleՆորաձևություն ասվածը ոչ միշտ է իր հետ նորամուծություններ բերում: Բարձր գոտկատեղով կիսաշրջազգեստները շրջանառության մեջ են մտել դեռևս 40-ականներից` Քրիստիան Դիորի «թեթև ձեռքով»: Սակայն դրանք ավելի հայտնի դարձան, երբ այդպիսի կիսաշրջազգեստով ներկայացավ Ժակլին Քենեդին: Մինչ օրս դրանք շատ արդիական ու պահանջված են: Պատճառն այն է, որ այն սազում է գրեթե բոլորին` ընդգծելով գոտկատեղն ու բարեմասնությունները: Այս կիսաշրջազգեստով կարող ես ստեղծել դասական, գործնական կամ յուրօրինակ երիտասարդական կերպար:
Գործունյա կանայք այն կարող են հագնել վերնաշապիկի հետ` ընդգծելով իրենց կանացիությունը: Ի դեպ, կոնքերից բարձր կիսաշրջազգեստը «թաքցնում» է փորիկը: Իսկ եթե կազմվածքդ իդեալական չէ, կարող ես վերնաշապիկի վրայից երկար պիջակ հագնել և գոտկատեղին գոտի կապել պիջակի վրայից:
Ռոմանտիկ օրիորդները կարող են այս կիսաշրջազգեստը համադրել «թույլ» բլուզների հետ, որոնք կարող են լինել ուռուցիկ թևերով: Այս համադրությունը շատ գեղեցիկ կլինի, հատկապես այն ժամանակ, երբ հագնում ես «մատիտ-կիսաշրջազգեստ»:
Յուրօրինակ, համարձակ աղջիկները կիսաշրջազգեստի հետ կարող են հագնել լայն բլուզներ, որոնք կարող են լինել անգամ գործվածքից: Կիսաշրջազգեստի հետ գեղեցիկ կնայվեն նաև լեգգինսները, ամենօրյա շապիկները: Ի դեպ, այն աղջիկները, ովքեր սիրում են լինել ուշադրության կենտրոնում, կարող են նախապատվությունը տալ լայն փեշով կիսաշրջազգեստներին և փոքր-ինչ «կլորացնել» կազմվածքը: Քեզ այս գործում կօգնեն «կակաչ» կիսաշրջազգեստները:
Քանի որ բարձր գոտկատեղով կիսաշրջազգեստները կանացիությունն ընդգծելու համար են, դրանք պետք է հագնել բարձրակրունկների հետ: Սակայն ոճաբանները չեն բացառում, որ այն կարելի է համադրել նաև «բալետկաների» հետ: Իսկ ամենահամարձակները այս կիսաշրջազգեստները հագնում են անգամ կեդերի հետ:
Իսկ վերջում կարող ես գեղեցիկ գոտիով ընդգծել գոտկատեղդ: