10 մթերք, որոնք կօգնեն պաշտպանվել մրսածությունից
Lifestylemed.news.am-ը գրում է.
Ձմռանը օդի ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ մեծանում է մրսելու եւ հիվանդանալու հավանականությունը: Նյու Յորքից դիետոլոգ Լիզա Յարան ներկայացրել է այն 10 մթերքի ցուցակը, որոնք կարող են ամրապնդել օրգանիզմը եւ պաշտպանել մրսածությունից:
1. Կարմիր պղպեղ
C վիտամինն ուղղակի անհրաժեշտ է իմունային համակարգի ամրապնդման համար, իսկ կարմիր պղպեղում դրանից երկու անգամ ավելի շատ կա, քան ցիտրուսային բույսերում: «Օրական հինգ տարբեր մրգի եւ բանջարեղենի օգտագործումը կարող է օրգանիզմն ապահովել 200 մգ C վիտամինով եւ դրանով բարձրացնել իմունիտետը», - նշել է դիետոլոգը:
2. Սամիթ
Սամիթի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է վարակիչ հիվանդությունների հանդեպ օրգանիզմի դիմադրողականությունը: Այդ բույսը մեծացնում է արյան սպիտակ գնդիկների քանակը, որոնք օրգանիզմում ոչնչացնում են մանրէներին ու հարուցիչները:
3. Կանաչ թեյ
Կանաչ թեյն օգտակար է ոչ միայն կազմվածքի, այլեւ առողջության համար ընդհանուր առմամբ: Դրանում կան հակաօքսիդանտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին վնասելու հատկություն ունեցող օքսիդանտների եւ ազատ ռադիկալների դեմ պայքարի համար:
4. Սխտոր
Սխտորը հնուց ի վեր համարվում է մրսածության դեմ պայքարի կարեւորագույն օգնականներից: Այն կալցիում, կալիում եւ ծծմբային միացություններ է պարունակում, որոնք ի վիճակի են օրգանիզմն ազատել շատ վնասակար մանրէներից:
5. Քաղցր կարտոֆիլ (բատատ)
Տոնական սեղանին ավանդական կարտոֆիլի պյուրեին հրաշալի այլընտրանք կարող է դառնալ քաղցր կարտոֆիլը: Այն հարուստ է հակաօքսիդանտներով եւ բարելավում է բջիջների գործառույթները:
6. Յոգուրտ
Շատ յոգուրտներ պրոբիոտիկներ են պարունակում, որոնք օրգանիզմին օգնում են դիմակայել վարակին եւ արագ վերականգնվել հիվանդությունից հետո: «Յոգուրտում պրոբիոտիկները օգտակար մանրէներ են, որոնք բարելավում են նյութափոխանակությունը: Իմունիտետը 60 տոկոսով կախված է աղիքների առողջությունից», - նշել է մասնագետը:
7. Քրքում
Քրքումը ոչ միայն ուտեստի համը բարելավող համեմունք է, այլեւ օգտագործվում է վարակների եւ բորբոքումների դեմ պայքարում` կանխարգելելով ազատ ռադիկալների առաջացրած վնասվածքները:
8. Սաղմոն
Այս ձուկը հարուստ է սպիտակուցներով, որոնք հագեցած են այնպիսի անհրաժեշտ սննդանյութերով, որպիսիք են օմեգա-3 ճարպաթթուները, որոնք անհրաժեշտ են T-բջիջների ակտիվացման համար: Որքան օրգանիզմում ավելի բարձր է այդ բջիջների մակարդակը, այնքան շատ շանս ունեք չհիվանդանալու:
9. Ոստրեներ
Ոստրեները C, E վիտամիններ են պարունակում եւ շատ հակաօքսիդանտներ, որոնք ապահովում են օրգանիզմի բջիջների առողջությունը:
10. Բրյուսելյան կաղամբ
Բրյուսելյան կաղամբը շատ քիչ կալորիաներ եւ շատ սննդանյութ է պարունակում: C վիտամինի օրական նորմայի կեսը լրացնելու համար ձեզ այս նյութից ընդամենը կես բաժակ անհրաժեշտ կլինի: