Կանացի խորհուրդներ Հերմինե Նաղդալյանի կողմից Զարուհի Փոստանջյանին
ОбществоԱյսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, փորձելով, այնուամենայնիվ, ավարտին հասցնել իր խոսքը, հերթագրվեց ելույթի համար,- հայտնում է Orer.am-ը:
Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մինչ Զարուհի Փոստանջյանին խոսք տալը նրան խնդրեց խոսել բուն թեմայի շուրջ: «Խնդրում եմ, որպես պատգամավորի, որպես բարեկիրթ մարդու եւ կնոջ, խոսեք այնպես, որ հնարավորինս պահպանեք բարեկրթությունը, հուսով եմ, որ կարող ենք, որպես երկու կին, մեր աշխատանքային գործունեությունն այնպես կազմակերպել, որ անհարմար վիճակներ չլինեն»,- ասաց Հ.Նաղդալյանը:
Ի պատասխան Հերմինե Նաղդալյանին եւ նրա խնդրանքին՝ Զարուհի Փոստանջյանն ասաց. «Չգիտեի, որ Հերմինե Նաղդալյանը նաեւ ուսուցչի տաղանդ ունի եւ դասեր է տալիս ինձ, բայց ես ձեր խորհուրդների կարիքը չունեմ: Ես քաղաքական լավ դպրոց եմ անցել ու խորհուրդների կարիք չունեմ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ կրկին հնչեցնելով նույն տեքստը, ինչը նրան չէր հաջողվել անել մինչ այդ:
«Մենք փետրվարին ականատես եղանք, թե ինչպես ջախջախվեց ԲՀԿ-ն: Ինձ համար ափսոսանք է, որ այսպիսի վիճակում է հայտնվել ԲՀԿ-ն, չեմ համակերպվում այն մտքի հետ, որ այսպես կարելի է ջախջախել քաղաքական ուժին ու հայտարարել, որ մեկ հոգի կարող է որոշել` ով մնա քաղաքական դաշտում, ով դուրս գա»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո Հերմինե Նաղդալյանը արձագանքեց` ասելով. «Մեր բնակչությունը եւս մեկ անգամ տեսնում է ու համոզվում, որ այսպիսի ընդդիմությունից իրեն, վնասից բացի, օգուտ չկա: Ինչ խորհուրդ էլ, որ տալիս եք, սխալ ու վատ խորհուրդներ են, դեպի վատը տանող, էլի կես ճանապարհին կթողնեք ու մարդկանց խնդիրները կավելացնեք, ինչպես միշտ է եղել:
Ի՞նչ խորհուրդ եք տալիս՝ հարկերը մի´ վճարեք: Պարզ է, որ հրապարակներում ձեր ելույթները չեն ստացվում, ձեզ լսող մարդ այլեւս չկա, որ ձեր հետեւից գա»,- ասաց Հ. Նաղդալյանը՝ շեշտելով, որ Զ.Փոստանջյանն արդեն միայնակ է գործում եւ նրա կողքին այլեւս ոչ ոք չկա:
Սոսե Չանդոյան