Հայաստանում անմաքս առևտրի ռեժիմից օգտվելու հնարավորություն կունենան նաև ցամաքային անցակետերը
ЭкономикаՀայաստանում անմաքս առևտրի ռեժիմից օգտվելու հնարավորություն կստանան ոչ միայն օդանավակայանների տարածքում, այլ նաև ցամաքային անցակետերում գործող առևտրի կետերը:
Ազգային ժողովում քննարկում է «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ օրենքի ընդունումից հե տո Հայաստանի ցամաքային անցակետերում՝ Մեղրիում, Բավրայում և Բագրատաշենում, հնարավորություն է ընձեռնվելու, որ գործող անմաքս առևտրի կետերը ազատված լինեն ավելացված արժեքի հարկից:
«Նմանատիպ պահանջ ներկայացվել է մասնավոր հատվածից, և կառավարությունը, ուսումնասիրելով միջազգային փորձը, մշակել է այս նախաձեռնությունը, որով հնարավորություն կստեղծվի, որ այս ծառայությունն իրականացվի նաև ցամաքային անցակետերում»,- նշեց Մելքոնյանը:
Փոխնախարարը հստակեցրեց, որ այս պահին Հայաստանում կա ցամաքային անցակետ, որտեղ գործում է անմաքս առևտրի կետ, սակայն ի տարբերություն օդանավակայանների, այդ կետն ազատված չէ ավելացված արժեքի հարկից: «Այս փոփոխությամբ մենք այս հնարավորությունը տալիս ենք նաև ցամաքային անցակետերին: Այսինքն, նրանց էլ ազատում ենք ավելացված արժեքի հարկից»,- ասաց Մելքոնյանը: