Հայ երաժիշտ-կատարողները մրցանակային տեղեր են զբաղեցրել Չայկովսկու անվան միջազգային մրցույթում
КультураՌուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում դեկտեմբերի 5-15-ը կայացած Պյոտր Չայկովսկու անվան 9-րդ պատանեկան միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող ջութակահար Դիանա Ադամյանն արժանացել է երկրորդ, Անդրանիկ Աղաջանյանը` հատուկ մրցանակի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջազգային մրցույթների դափնեկիրներ, Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ ե րաժշտական մասնագիտական դպրոցի լարային բաժնի 11-րդ դասարանի աշակերտներ Դիանա Ադամյանը (դասատու՝ ՀՀ վաստակավոր ուսուցիչ Պետրոս Հայկազյան) և Անդրանիկ Աղաջանյանը (դասատու՝ Արմինե Ավետիսյան) մրցույթին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Նրանք, 2015թ. հուլիսին որպես մենակատարներ հանդես գալով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, հաղթել են մրցույթի նախընտրական փուլում և արժանացել միջազգային մրցույթի կազմկոմիտեի հրավերին:
Մրցույթն անցկացվել է երեք փուլով, դաշնամուր, ջութակ, թավջութակ անվանակարգերում, մասնակցել են մինչև 17 տարեկան 130 պատանի երաժիշտ-կատարողներ՝ ավելի քան 23 երկրներից. Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Իտալիայից, Ավստրալիայից, Կորեայից, Ուկրաինայից, Ռումինիայից, Իսրայելից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Ֆրանսիայից, Սերբիայից, Ավստրիայից, Ղազախստանից, Կանադայից, Դանիայից և այլ երկրներից:
Դաշնակահարների ժյուրին նախագահել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական տասնամյակի տնօրեն, ՌԴ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վլադիմիր Օվչիննիկովը, ջութակահարներինը՝ ՌԽՍՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Կրավչենկոն, իսկ թավջութակահարներինը՝ ՌԴ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Մարիա Չայկովսկայան: